Jump to content

ՀՍՀ/ԱՆԱՆՈՒՆ ՄԵԿՆԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՆՈՒՆ ՄԵԿՆԻՉ, հայ քերական, Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության հայերեն թարգմանության առաջին մեկնիչներից, համարվում է V կամ VII դդ. հեղինակ։ Ն. Ադոնցը Ա. Մ–ին նույնացնում է Մամբրե Վերծանողի, իսկ Հ. Մանանդյանը՝ նրան ժամանակակից Պողոսի հետ։ Ա. Մ–ի մեկնության մեջ արձագանք է գտել անվան և իրի փոխհարաբերության հարցի շուրջը հին աշխարհում տարվող վեճը։ Նրա կարծիքով անվան կապը իրի հետ պայմանական է, և այդ պատճառով մի քանի իրեր կարող են ունենալ միևնույն անունը։ Ա. Մ. տարբերում է «անուն» բառի լայն և նեղ առումներ. լայն առումով անունը «նշանակիչ» է, և բայն էլ, որպես «նշանակիչ», նույնպես անուն է. նեղ առումով անունը խոսքի մաս է, որ առաջին հերթին հակադրվում է բային։ Անվան ձևաբանական առանձնահատկությունները քննելով՝ Ա. Մ. տարբերում է երկու տիպի հոլովում՝ բաղաձայնահանգ (առն–առին, վագր–վագեր) և ձայնավորահանգ (Դաւիթ–Դաւթի)։ Հայ բարբառների գոյության և նրանց հնչյունական տարբերությունների մասին արժեքավոր վկայություն տալով՝ գտնում է, որ «խոսքի տեսակներում» (բարբառներում) մեկ հնչյունի փոխարեն օրինաչափ կերպով կարող է հանդես գալ մի ուրիշ հնչյուն, ինչպես՝ բազուկ–պազուկ–փազուկ։

Գրկ. Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (5– 15-րդ դդ.), Ե., 1954։ Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, П., 1915. Գ. Ջահուկյան