Jump to content

ՀՍՀ/ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, մարդու տնտ. գործունեության ձև, գյուղատնտ. արտադրության կարևորագույն ճյուղ, ընդգրկում է գյուղատնտ. կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով։ Ա. բնակչությանը մատակարարում է սննդամթերքներ (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ ևն), սննդի և թեթև արդ–յանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, եզ, էշ, ջորի, ուղտ, եղջերու), օրգ. պարարտանյութեր (գոմաղբ, թռչնաղբ)։ Ա–յան առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային արժեքավոր պատրաստուկներ (պանտոկրին), տարբեր նյութեր դեղագործության համար (օր. թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ ևն)։ Ա. որպես նյութական բարիքներ արտադրող բնագավառ, փոխադարձ կապի մեջ է բուսական մթերքներ և հումք արտադրող ճյուղերի՝ մասնավորապես բուսաբուծության հետ։ ՍՍՀՄ–ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ Ա–յան արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 35–40% (առանձին գոտիներում՝ մինչև 50–60%) և այդ առումով բուսաբուծությունից հետո գրավում է 2-րդ տեղը։ Մարդու կողմից օգտագործվող բուսական հումքի 2/3 յուրացվում է կենդանիների միջևորդությամբ (նրանց օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական բարդ պրոցեսների շնորհիվ բուսական հումքը վեր է ածվում արժեքավոր սննդամթերքների)։ Բուսաբուծությունն Ա–յանը տալիս է բուսական ծագում ուևեցող կերեր։ Իր հերթին Ա– բուսաբուծությանն է վերադարձնում կերերի չմարսված մնացորդները, որպես ազոտով և ֆոսֆորով հարուստ օրգանական պարարտանյութ։

(նկ․) Արագածյան ցեղախմբի ոչխարներ։

Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է պալեոլիթում։ Աստիճանաբար ընտելացվել են շունը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը։ Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ժող. սելեկցիայի միջոցով դրվել է Ա–յան տարբեր ճյուղերի հիմքը։ Ժամանակակից Ա. ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությանը, այծաբուծությունը, խոզաբուծությունը, ձիաբուծությունը, թռչնաբուծություևը, ուղտաբուծությունը, եղջերաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը։ Ցարական Ռուսաստանը ունեցել է հետամնաց էքստեևսիվ Ա.։ Սովետական կարգերի հաստատումից հետո Ա. ՍՍՀՍ–ում աճեց բուռն թափով։ Եթե առ 1-ը հունվ. 1916 խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Ռուսաստանում եղել է 58 մլն., ապա ՍՍՀՄ–ում առ 1-ը հունվ. 1971՝ 99,1 մլն., մանր եղջերավորներինը, համապատասխանաբար, 89,7 մլն. և 143,2 մլն.,խոզերինը՝ 23 մլն. և 67,2 մլն.։ Կաթի համախառն արտադրանքը 1913-ին կազմել է 29,4 մլն. տ, իսկ 1970-ին՝ 82,9 մլն. տ, մսինը, համապատասխանաբար, 5 մլն. տ և 12,3 մլն. տ, կենդանական յուղինը՝ 366 հզ. տ, 1967-ին՝ 1177 հզ. տ, ձվինը՝ 11,9 մլրդ. հատ և 1970-ին՝ 40,4 մլրդ. հատ։ Կաթի և կենդանական յուղի արտադրությամբ ՍՍՀՄ աշխարհում գրավում է 1-ին տեղը, իսկ ձվի համախառն արտադրությամբ՝ 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո)։ 1967-ին ԱՄՆ–ում արտադրվել է 54,1 մլն. տ կաթ, 559 հզ. տ յուղ։

Ա–յան զարգացման բնորոշ գիծը, սովետական կարգերի հաստատումից հետո, նրա հետևողական ինտենսիվացումը և խորը մասնագիտացումն է։

Հայաստանը Ա–յան հնագույն երկրներից է։ Նորագույն տվյալների համաձայն, Հայկական բարձրավանդակը հանդիսացել է Ա–յան նախասկզբնական կենտրոններից մեկը։ Հատկանշակաև է, որ ներկայումս էլ Հայաստանի լեռներում (հատկապես Եղեգնաձորի և Արարատի շրջաններում) հանդիպում են վայրի ոչխարը (Ovis Oph. armeniana) և այծը (Capra Aegagrus), որոնցից էլ առաջ են եկել նրանց ընտանի տեսակները։ Հատկանշական է նաև այև փաստը, որ վայրի և ընտանի դմակավոր ոչխարների տրամախաչումից ստացվում է նորմալ սերունդ։ Հնագիտական պեղումների նյութերը (մասնավորապես՝ կենդանիների ոսկորները) հաստատում են, որ Հին Հայաստանում բուծվել են նրա տերիտորիայում ներկայումս հայտնի գյուղատնտ. կենդանիների բոլոր տեսակները, որոնք Հայկական լեռնաշխարհում վերջնականապես հաստատվել են դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. III հազարամյակում, երբ այստեղ բնակվող ցեղերի տնտեսավարման համար բնորոշ էր երկրագործության և անասնապահության զուգորդումը։ Մ. թ. ա. II հազարամյակում Հայկական բարձրավանդակի բնիկները գյուղատնտ. կենդանիների նույն տեսակի ներսում ստեղծել են միմյանցից նկատելիորեն տարբերվող ձևեր, որոնք էլ ապագա գյուղատնտ. կենդանիների ցեղերի սկզբնավո-

(նկ․) Կովկասյան գորշ տավարի ցեղի կովեր։ րողները եղան։ Հայտնաբերված է միմյանցից նկատելիորեն տարբերվող տավարի երկու տիպ՝ կարճահասակ և բարձրահասակ, ոչխարների և ձիերի երկու տարբերակ, որոնք հետագայում ժող. երկարատև սելեկցիայի շնորհիվ վերածվեցին ինքնուրույն ցեղերի։ Ա. Հայաստանում ակնառու զարգացման է հասել I հազարամյակում, երբ նրա արտադրանքը լայնորեն արտահանվում էր ուրիշ երկրներ։

Հայաստանի պատմության մեջ եղել է Ա–յան երկու ձև՝ նստակյաց (մ. թ. ա. III հազարամյակի կեսերից) և արտագնաց անասնապահության, որի հետքերը (վերափոխված ձևով) պահպանվել են նաև մեր օրերում։

Հայաստանում Ա. բարձր զարգացման է հասել XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ անասնապահական մթերքներն արտահանվում էին Ռուսաստան, Հնդկաստան, Առաջավոր Ասիայի և միջերկրածովյան երկրներ։ Այդ ժամանակներում Հայաստանում արդեն ստեղծվել էին խոշոր և մանր եղջերավոր անասունների և ձիերի այնպիսի ցեղեր ու ցեղախմբեր, որոնք իրենց տոհմային հատկանիշներով աչքի էին ընկնում ամբողջ Անդրկովկասում և նրա սահմաններից դուրս (օր. ղազախի և աղբաբայի տավարի ցեղախմբերը, ղարաբաղի ձին, բալբաս ոչխարի ցեղը ևն)։ Տեղական տավարի բարելավման սկիզբը պետք է համարել 1859-ը, երբ նրա հետ տրամախաչելու նպատակով Լոռի ներմուծվեցին շվից և սիմենթալ ցեղերի արտադրողներ։ Ա. Հայաստանում գիտական հիմքերի վրա դրվեց սովետական կարգերի հաղթանակից հետո, սոցիալական նոր, առաջադեմ հարաբերությունների պայմաններում։ 1916-ի համեմատությամբ 1968-ին խոզերի գլխաքանակն ավելացավ 5,5 անգամ, ոչխարներինը՝ մոտ 1,8 անգամ։ Կովերի գլխաքանակը առ 1-ը հունվ. 1973 կազմել է 283,6 հազար։ Խոշոր եղջերավոր բանող անասունների (եզներ, գոմեշներ) գլխաքանակը պակասեց գյուղատնտ. աշխատանքները մեքենայացնելու պատճառով։

Նույն պատճառով կրճատվեց նաև ձիերի գլխաքանակը։ Բուռն զարգացում ապրեց թռչնաբուծությունը. 1959-ին ՀՍՍՀ–ում թռչունների գլխաքանակը կազմում էր 2350,5 հզ., իսկ 1970-ին՝ 4236,5 հզ.։

Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
ՀՍՍՀ–ում ըստ տարիների
(հզ. գլուխ)
Տարիներ Խոշոր
եղջերավոր
անասուններ
Այդ թվում
կովեր
Խոզեր Ոչխարներ և
այծեր
Ձիեր
1916 708,0 231,0 16,0 1217,0 42,0
1928 804,3 239.0 28 1259,0 36,0
1941 598,3 212,4 58,8 1221,3 58,9
1960 604,5 233,1 116,2 2013,2 25,7
1965 643,0 258,7 31,5 2093,1 17,3
1972 714,5 283,6 152,1 2321,2 10,9
Անասնապահական հիմնական մթերքների
արտադրությունը ՀՍՍՀ–ում
(հզ. տոննա)
Տարիներ Միս
(սպանդ․ քաշ)
Կաթ (կովի,
ոչխարի և այծի)
Բուրդ
(ոչխարի և այծի)
Ձու
(մլն. հատ)
1913 19,2 129 2,3 54
1940 23,3 170 1,5 46
1958 36,4 313 3,5 119
1965 40,0 338 3,9 193
1969 52,2 351 3,4 205
1972 54,6 407,6 4,1 272,0


ՀՍՍՀ–ում Ա–յան համախառն արտադրանքում տավարաբուծության բաժինը կազմել է 50, ոչխարաբուծությանը՝ 30, խոզաբուծությանը՝ 6, թռչնաբուծությանը՝ 12, ճագարաբուծությանը և մեղվաբուծությանը՝ 2%: Հայ գիտնականների ակտիվ մասնակցությամբ 20-ական թթ. կեսերից ձեռնարկվել են բազմակողմանի ուսումնասիրություններ անասնապահության բոլոր ճյուղերում, նախաձեռնվել է Ա–յան արմատական վերափոխում և աստիճանաբար բարելավվել են գյուղատնտ. կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի ու պահվածքի պւսյմանները։ Կարևոր միջոցառումներից էր ՀՍՍՀ հողագործության ժողկոմատի կազմակերպած արշավախմբային ուսումնասիրությունը՝ Ա. Թամամշևի ղեկավարությամբ (1926–27)։ Ուսումնասիրությունն ընդգրկեց հանրապետության բոլոր գոտիները։ Սկսած 30-ական թթ., ցածր մթերատու տավարի, խոզերի, ոչխարների (կոպտաբուրդ) տեղական ցեղերն արմատական բարելավման նպատակով մասսայականորեն տրամախաչվեցին ներմուծված բուծարանային ցեղերի հետ։ Գիտնականննրն ու Աասնագնաննրը Ծավալեցին խորացրած տոհմային սելեկցիոն աշխատանք՝ խառնացեղերից նոր ցեղեր ստանալու համար։ 1940–50-ական թթ. ձեռնամուխ եղան գյուղատնտ.կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղեր ստանալու գործին։ Պրոֆեսոր Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ ստեղծվեց կիսանրբագեղմ ճարպապոչավոր ոչխարի արագածյան ցեղախումբը (հաստատվել է 1952-ին)։ 1960-ին հաստատվեցին կովկասյան գորշ տավարի ցեղը (հեղինակներ՝ Ն. Ստեփանյան, Ն. Գյուլմսրյան, Ա. Մկրտչյան և Ա. Ժամկոչյան), հավերի երևանյան ցեղը, որն ստեղծվեց ՀՍՍՀ ԳԱ ակադ. Ա. Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ և Մ. Ղուկասյանի աշխատակցությամբ։ 1949-ին ստեղծվեց մառդեր ճագարի ցեղը (հեղինակ՝ Մ. Բագրատյան) ևն։ ՀՍՍՀ–ում գիտականորեն հիմնավորված մի շարք միջոցառումներ են կենսագործվել Ա–յան ճյուղերի ճիշտ տեղաբաշխման, խոր մասնագիտացման, ինտենսիվացման ուղղությամբ։

Գրկ. Բրեժնեվ Լ. Ի., Գյուղատնտեսության հարցերի վերաբերյալ կուսակցության XXIII համագումարի և ՍՄԿԿ ԿԿ պլենումների որոշումների կատարման ընթացքի մասին… զեկուցում ՍՄԿԿ ԿԿ պլենումում, 1968թ. հոկտ. 30-ին։ ՍՄԿԿ ԿԿ պլենումի որոշումը գյուղատնտեսության հարցերի վերաբերյալ, ընդունված 1968 թ. հոկտ. 31-ին, Ե., 1968։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971։ Կարապետյան Ս. Կ., Անասնաբուծության մթերատվության բարձրացման ռեզերվները, Ե.» 1960։ Тамамшев А. З., Крупный рогатый спорт Армении в прошлом и нстоящем, Е., 1947; Рухкян А. А., Овцеводство Армянской ССР и пути его качественного улучшения, Е., 1948. Տես նաև Գյուղատնտեսություն հոդվածի գրականությունը։ Ս. Կարապետյան, Ա. Երիցյան