ՀՍՀ/ԱՆԱՏՈԼԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ
ԱՆԱՏՈԼԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, Փոքր Ասիական բարձրավանդակի կենտրոնական հատվածը, Պոնտական և Տավրոսի լեռների միջև, Հայկական բարձրավանդակից արևմուտք։ Տարած, մոտ 250 հզ. կմ² է։ Գերակշռում են 800–1500 մ բարձրությունները։ Բնորոշ են տափարակ գոգավորությունները և թույլ մասնատված սարավանդները, որոնք իրարից բաժանվում են ցածր լեռներով և բլրաշարերով։ Ա. ս–ի կորիզը հնագույն բյուրեղային ապարներից կազմված Լիկաոնիայի և Գալատիայի զանգվածներն են, իսկ մնացած մասը՝ ալպյան ծալքաբեկորավոր կառուցվածքների դենուդացիոն մակերևույթները տեղ–տեղ բարձրացող մնացորդային լեռներով և հանգած հրաբուխներով (Էրջիաս՝ 3770մ, Հասանդաղ՝ 3252 մ ևն)։ Պալեոգեն–նեոգենի և անթրոպոգենի տեկտոնական շարժումների հետևանքով առաջացել են ճկվածքախզումային իջվածքներ (Կեսարիայի, Կոնիայի, Սեբաստիայի), որոնք սարահարթի ակտիվ սեյսմիկ օջախներն են։ Կլիման ցամաքային է. տարեկան տեղումները կենտր. մասում 200 մմ է, եզրամասերում՝ 300–500 մմ: Ա. ս–ի հս. մասով հոսում են Կզըլ–Իրմակ, Եշիլ–Իրմակ, Սաքարիա գետերը։ Կան շատ աղուտներ և աղի լճեր (օրինակ՝ Տուզ լիճը)։ Տարածված են գորշ և մոխրագույն հողերը։ Գերակշռում են չորասեր թփուտները, մացառուտները, աստրագալները, օշանը, օշինդրը։
