Jump to content

ՀՍՀ/ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ (Ἀναξαγόρας մ.թ.ա. մոտ 500-428), հույն փիլիսոփա։ Սկիզբ է դրել փիլիսոփայության դասավանդմանը Աթենքում։ Մեղադրվելով անաստվածության մեջ՝ փոխադրվել է Լամպսակ, որտեղ հիմնել է փիլիսոփայական դպրոց։ Ըստ Ա-ի, գոյություն ունեցող ամեն ինչի նախասկիզբը նյութի որակապես անորոշ, անվերջորեն բաժանելի «առաջնային սերմերը» (հոմեոմերիաներ) են, որոնց զուգորդումից առաջանում է իրերի բազմազանությունը։ Ա. հատուկ տեղ է գրավում գիտության պատմության մեջ։ Նա առաջին մտածողն է, որ փորձել է ձևակերպել (իհարկե ընդհանուր և անորոշ ձևով) դիտվող երևույթների հիմքում ընկած ֆիզիկական օրինաչափությունները, դրել փորձեր և համարվում է ֆիզիկա գիտության հիմնադիրը։ Ա. առաջինն է մտցրել անվերջ մեծի և անվերջ փոքրի հասկացությունները մաթեմատիկայում։ Զբաղվել է նաև աստղագիտությամբ ու օդերևութաբանությամբ։

Գրկ. Ֆենելոն, Վարք նախնի իմաստասիրաց, Վնտ., 1826: Рожанский И.Д., Проблема движения и развития в учении Анаксагора, Успехи физических наук, 1968, т. 95, в. 2.

ԱՆԱՔՍԻՄԱՆԴՐՈՍ (Άναξίμανδρος) Միլեթացի (մ.թ.ա. մոտ 610-546), հույն փիլիսոփա, միլեթյան դպրոցի ներկայացուցիչ, Թալեսի աշակերտը, տարերային դիալեկտիկայի և պարզունակ մատերիալիզմի հիմնադիրներից։ Ըստ Ա-ի, գոյություն ունեցող ամեն ինչ բնական ճանապարհով առաջանում է անորոշ, անսահման, հավերժական, որակազուրկ սկզբնանյութից՝ ապեյրոնից։ Ապեյրոնի գաղափարի առաջքաշումն Ա-ի կողմից լուրջ քայլ էր մատերիայի փիլիսոփայական կատեգորիայի մշակման ճանապարհին։ Ա. կռահումներ է արել Տիեզերքի անսահմանության, օրինաչափորեն առաջացող ու կործանվող աշխարհների անհամարության մասին։ Ըստ Ա-ի, կենդանական աշխարհն առաջացել է ջրից՝ առանց աստվածային ուժերի մասնակցության։ Ա. կազմել է աշխարհագրական առաջին քարտեզը, պատրաստել արեգակնային ժամացույց և աստղագիտական գործիքներ։