Jump to content

ՀՍՀ/ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1640–1660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1640–1660 | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

​ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1640–1660, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ XVII դ. կեսին Անգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։ Գյուղում դրամա–ապրանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստական վարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Ա. բ. հ–յան հասունացմանը նպաստեց երկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Ա. բ. հ–յան հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Ա. բ. հ. արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժ. գաղափարախոսություն և կրոնական–քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։

Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ I (1603–25) ևԿառլոս I (1625–49), ընդհարման մեջ մտան պառլամենտի հետ։ Կառլոս I գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629-ին արձակեց պառլամենտը և մինչև 1640-ը կառավարեց միանձնյա։ Դրանք հետադիմության, ահաբեկման, հատկապես պուրիտանների դեմ ուղղված հալածանքի ​տարիներ էին։ Անգլիայում սկսվեց տնտ. և քաղ. ճգնաժամ։ 1637-ի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս I 1640-ի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբ. 3–1653 ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժ. պետական կենտրոնի դեր։ Ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններում Երկարատև պառլամենտը 1640–42-ին իրականացրեց մի շարք բուրժ. վերափոխումներ, որոնք խարխլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ Հեղինակազրկված թագավորը 1642-ի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Ա. բ. հ–յան «սահմանադրական շրջանը» (1640–42)։

1642-ի օգոստ. 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։ Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642–46) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 դեկտեմբեր–1645 հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։ 1645-ի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս I բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646-ի վերջին ավարտվեց պառյամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647-ի փետր. 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647–49-ը եղան Ա. բ. հ–յան բուրժուա–դեմոկրատական շրջանը։ Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավված թագավորական, եպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։ 1646-ին պառլամենտի վճռով ֆեոդալական հողային սեփականությունը վերածվեց բուրժ. ազատ սեփականության, աշխատավոր գյուղացիության հողազրկումը ստացավ նոր ընթացք։ Արգելքներ հարուցվեցին բանվորների աշխատավարձի բարձրացմանը, սահմանվեցին նոր անուղղակի հարկեր։ Այս ամենն առաջացրեց ժող․ զանգվածների լուրջ դժգոհությունը։ Ժողովրդի շահերն էր արտահայտում 1647-ի գարնանը ինդեպենդենտներից անջատված լևելերների («հավասարարների») ձախ մանրբուրժ. դեմոկրատական հոսանքը, որի առաջնորդն էր ականավոր հեղափոխական գործիչ և հրապարակախոս Լիլբեռնը։ Լևելերները զինվորների շրջանում վարելով հեղափոխական ագիտացիա՝ պահանջում էին բոլոր «ազատ ծնված» մարդկանց իրավունքների հավասարեցում օրենքի առջև, լայն ընտրական իրավունքի սահմանում ևն։ Այսպես կոչված «ճշմարիտ լևելերները» (դիգերները), որոնց գլխավորում էր Ջերալդ Ուինստենլին, ավելի հեռուն գնացին։ Նրանք 1649-ին առաջադրեցին գյուղացիական–պլեբեյական հեղափոխական ագրարային ծրագիր՝ մասնավոր սեփականության վերացման, մարդկանց լիակատար հավասարության, հողը գյուղացիներին հանձնելու պահանջով։ Ինդեպենդենտական ազնվական հրամանատարությունը ստիպված էր պաշտպանել զինվորներին, որոնք հանդես եկան բանակի զորացրման վերաբերյալ պառլամենտի որոշման դեմ։ Սակայն, 1647-ի հոկտեմբեր–նոյեմբերին Լոնդոնի արվարձան Պատնիում գումարված համաբանակային կոնֆերանսում Կրոմվելը, Այրտոնը և այլ ինդեպենդենտ գեներալներ ու սպաներ («գրանդներ») մերժեցին դեմոկրատական պառլամենտական հանրապետության ստեղծման լևելերական առաջարկը՝ պաշտպանելով սահմանափակ պառլամենտական միապետությունը։ Կոնֆերանսը ձախողվեց։ Բանակը դրվեց ինդեպենդենտների իրավասության տակ։ Կառլոս I անակնկալ փախուստը գերությունից նորից փոխեց քաղ. կացությանը։ 1648-ի գարնանը թագավորը, դաշինքի մեջ մտնելով շոտլանդացիների հետ, վերսկսեց քաղաքացիական ատերազմը, որը

(նկ․) ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ XVII դ․ ​ստիպեց «գրանդներին» ժամանակավոր համաձայնության գալ լևելերների հետ և ընդունել նրանց դեմոկրատական ծրագրի մի մասը։ Դա ապահովեց պառլամենտական բանակի միասնական գործողությունները Կրոմվելի ղեկավարությամբ և թագավորական զորքի ու շոտլանդացիների ջախջախումը 1648-ի օգոստոսին։ Երկրորդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648-ի դեկտ. 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտից վտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։ Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոս I, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվ. 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցին թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649-ի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։ Անգլիական հանրապետությունում (1649–53) պետ. իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժ. ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649–50)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։ 1649–50-ին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641-ին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան 1652-ին միացվեց Անգլիային։ 1650–52-ին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրԵց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժ. դիկտատուրայի հաստատման համար։ 1653-ին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյսւն պառլամենտը։ 1653-ի դեկտ. 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմական դիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով (1653–59)։ Լորդ–պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժ. սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութային ձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651–54), Իսպանիայի (1655–57) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ–Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657-ին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա–ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։ 1660-ի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտը Կառլոս I որդուն հռչակեց թագավոր՝ Կառլոս II անունով (1660–85)։ Նա պարտավորվեց հարգել նոր բուրժ. կարգերը և պառլամենտի գերիշխանությունը։ Վերականգնվեց նաև անգլիկան եկեղեցին՝ որպես պետ. եկեղեցի։ 1660–88-ը Ստյուարտների վերահաստատման շրջանն է։ Խախտելով իրենց խոստումները՝ Ստյուարտները, հատկապես Հակոբ II (1685–88), փորձում էին վերականգնել հին վարչակարգը։ Դա հանգեցրեց 1688–89–ի պետ. հեղաշրջմանը («Պանծալի հեղափոխություն»), որի հետևանքով պետ. իշխանությունը վերջնականապես անցավ խոշոր բուրժուազիային։ Հաստատվեց սահմանադրական միապետություն։ Ա. բ. հ. իր բնույթով ժողովրդական էր։ Սակայն, հեղափոխության հիմնական պտուղներից օգտվեց բուրժուազիան։ Ա. բ. հ. նախադրյալներ ստեղծեց արտադրողական ուժերի բուռն աճի համար և մեծ ներգործություն ունեցավ կապիտալիզմի զարգացման վրա։ Ա. բ. հ–յամբ սկսվում է նոր պատմության դարաշրջանը։

Գրկ. Маркс К. и Энгельс Ф., [Рецензия] Гизо «Почему удалась английская революция? Рассуждение об истории английской революции», Соч., 2 изд., т. 7; Маркс К., Буржуазия и контрреволюция, там же, т. 6; Английская буржуазная революция XVII в., т. 1–2, под. ред. Е. А. Косминского и Я. И. Левицкого, М., 1954; Лавровский В. М. и Барг М. А., Английская буржуазная революция М., 1958. Գ. Հարությունյան