ՀՍՀ/ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄՍԱԲՐԴԱՏՈՒ ՈՉԽԱՐՆԵՐ
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄՍԱԲՐԴԱՏՈՒ ՈՉԽԱՐՆԵՐ, XVIII–XIX դդ. Անգլիայում ստացված կիսանրբագեղմ ոչխարի ցեղեր։ Բաժանվում են երկարաբուրդ, կարճաբուրդ և լեռնային խմբերի։ Ամենից շատ տարածված են երկարաբուրդ ցեղերը՝ լեյստյորները, բորդյոր–լեյստյորները, լինքոլները, ռոմնի–մարշերը, դևոնները ևն (ընդամենը՝ 10 ցեղ)։ Ոչխարները խոշոր են, բուրդն ունի յուրահատուկ փայլ և մինչև 30 սմ երկարություն։ Բրդատվությունը՝ 4–6 կգ։ Կարճաբուրդ 12 ցեղերից ավելի հայտնի են շրոպշիրները, հեմպշիրները, օքսֆորդդաունները, սոութդաունները և դորսեթները։ Բրդի երկարությունը՝ 6–10 սմ, բրդատվությունը՝ մոտ 3 կգ։ Ունեն լավորակ միս։ Օգտագործվում են վաղահաս ցեղեր ստանալու համար։ Լեռնային ոչխարները (15 ցեղ) ունեն ոչ մեծ չափեր և տարբեր որակի բուրդ։ Ա. մ. ո. վաղահաս են՝ 3–4 ամսական դառներից ստացվում է մինչև 20 կգ միս։ Միսը համեղ Է, բարձրորակ։ Ունեն նաև բարձր բրդատվություն։ Ա. մ. ո. բուծում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, եվրոպական երկրների հատկապես մեղմ կլիմա ունեցող շրջաններում, նաև ՍՍՀՄ–ում։
