ՀՍՀ/ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐ
ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐ, ազգ, Մեծ Բրիտանիայի հիմնական բնակչությունը, մոտ 45 մլն. մարդ (1967)։ Ապրում են նաև Իռլանդիայում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզուն անգլերենն Է։ Հավատացյալ Ա–ի մեծամասնությունը պատկանում է անգլիկան (ավելի քան 25 մլն.) և կաթոլիկ (3,4 մլն.) եկեղեցիներին։ Կան նաև բողոքական տարբեր աղանդների հետևորդներ։ VII– X դդ. կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը՝ V–VI դդ. Բրիտանական կղզիներ ներխուժած գերմ. ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների և բնիկների՝ գեյլերի, պիկտերի, բրիտների ձուլմամբ։ Ա–ի Էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ նորմանները գրավեցին Անգլիան (1066), և մոտ երկու դար պաշտոնական լեզուն ֆրանսերենն Էր։ XIII–XIV դդ. անգլո–սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։ XVI դ. ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։ XVII դ. Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ XVII–XIX դդ. գաղութային նվաճումների հետևանքով շատ Ա. տեղափոխվեցին նոր գրավված երկրները (Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա) և, խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր՝ ամերիկացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ ևն։ Ա–ի կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ, բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուղքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ, տարածված Է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ ևն։ Անգլիան մարզական շատ խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս ևն) հայրենիքն Է։ Հարուստ Է անգլիացիների բանահյուսությունը։
