ՀՍՀ/ԱՆԳԼՈ–ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1936
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԳԼՈ–ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1936, ստորագրվել է օգոստոսի 26-ին, Լոնդոնում։ Ա–ե. պ., ձևականորեն հայտարարելով Եգիպտոսի ռազմական օկուպացման վերացումը, փաստորեն Անգլիային իրավունք էր վերապահում զորքեր ունենալ Եգիպտոսում և իր ձեռքում պահել Ալեքսանդրիայի ծովային բազան։ Պատերազմի դեպքում Եգիպտոսը պարտավոր էր իր նավահանգիստները, օդանավակայանները ու կապի միջոցները տրամադրել անգլիական հրամանատարությանը։ Պայմանագիրը վերականգնում էր նաև Արևելյան Սուդանը համատեղ կառավարելու մասին 1899-ի անգլո–եգիպտական համաձայնությունը, որը փաստորեն չեղյալ էր համարվել 1924-ին, երբ Անգլիան իր տիրապետությունը հաստատեց Սուդանում։ 1954-ի անգլո–եգիպտական համաձայնագրով 1936-ի Ա–ե. պ. կորցրեց իր ուժը։
