ՀՍՀ/ԱՆԳԼՈ–ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ 1801, 1809, 1814, 1857,1882,1919
ԱՆԳԼՈ–ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ 1801, 1809, 1814, 1857,1882,1919։ 1801-ի քաղաքական և առևտրական պայմանագրերը կնքվել են հունվարի 4-ին, Թեհրանում։ Իրանը պարտավորվում էր պաշտպանել Հնդկաստանին՝ Աֆղանստանի կամ եվրոպական որևէ տերության հարձակման դեպքում։ Անգլիան պարտավորվում էր Իրանին մատակարարել զենք և ռազմական հանդերձանք։ Առևտրական պայմանագրով անգլ. և հնդ. վաճառականներին արտոնվում էր անգլ. որոշ ապրանքներ առանց մաքսի ներմուծել Իրան։ 1809-ի պայմանագիրը («դաշինքի և բարեկամության մասին») կնքվել է մարտի 12-ին, Թեհրանում, այն բանից հետո, երբ Տիլզիտի հաշտությամբ (1807) Ֆրանսիան դադարեց օգնել Իրանին՝ Ռուսաստանի դեմ 1804–13-ին մղվող պատերազմում։ Իրանը պարտավորվում էր խզել հարաբերությունները Ֆրանսիայի և Անգլիային թշնամի մյուս պետությունների հետ, իսկ Անգլիան պարտավորվում էր մինչև պատերազմի ավարտը Իրանին տարեկան վճարել 160 հզ. թուման և հրահանգիչներ ու զենք ուղարկել իրանական բանակի համար։ 1814-ի պայմանագիրը կնքվել է Թեհրանում, նոյեմբ. 25-ին, 1809-ի պայմանագրի հիման վրա։ Իրանը պարտավորվում էր չեղյալ հայտարարել Անգլիային թշնամի բոլոր եվրոպական պետությունների հետ կնքված պայմանագրերն ու դաշինքները, թույլ չտալ, որ նրանց զորքերը Իրանի վրայով անցնեն Հնդկաստան, Աֆղանստանի և Բրիտանական Հնդկաստանի միջև պատերազմ ծագելու դեպքում՝ անգլիացիներին օգնել զորքով, զինվորական հրահանգիչներ հրավիրել միայն Անգլիայից կամ նրան բարեկամ երկրներից։ Անգլիան պարտավորվում էր Իրանի վրա որևէ եվրոպական տերության հարձակման դեպքում Իրանին օգնել Հնդկաստանից բերված անգլիական զորքով կամ 200 հզ. թուման ամենամյա նպաստով, վերանայել ռուս–իրանական պայմանագրով (տես Գյուլիսաանի հաշտության պայմանագիր 1813) հաստատված ռուս–իրանական սահմանը հօգուտ Իրանի, չմիջամտել Իրանի ներքին գործերին և Իրանի ու Աֆղանստանի միջև հնարավոր պատերազմին։ 1857-ի պայմանագիրը վերջ դրեց 1856–57-ի անգլո–իրանական պատերազմին։ Կնքվել է մարտի 4-ին, Փարիզում, նախապատերազմյան ստատուս քվոյի հիման վրա և ունի փոխզիջման բնույթ։ Իրանը պարտավորվում էր զորքերը հանել Հերաթից ու Աֆղանստանին հարող մի քանի այլ վայրերից և ճանաչել Հերաթի ու Աֆղանստանի անկախությունը։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից Հերաթի ու Աֆղանստանի միջև տարաձայնություններ ծագելիս՝ դիմել Անգլիայի միջնորդությանը։ Անգլիան պարտավորվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս բերել Իրանից։ 1882-ի համաձայնագիրը կնքվել է մարտի 2-ին։ Այն անգլիացիներին իրավունք էր վերապահում ստուգման ենթարկել իրանական առևտրական նավերը։ 1919-ի համաձայնագիրը կնքվել է օգոստ. 9-ին։ Անգլիան իրավունք էր ստանում վերակառուցել իրանական բանակը, խորհրդատուներ ունենալ Իրանի պետական հիմնարկություններում ևն։ Իրանին տրամադրված 2 մլն. ֆունտ ստեռլինգ փոխառությունը պետք է ծախսվեր անգլիացիների հսկողությամբ։ Համաձայնագիրը չեղյալ հայտարարվեց 1921-ի փետրվարին՝ իրանական հասարակայնության ճնշման տակ։
