Jump to content

ՀՍՀ/ԱՆԳԼՈ–ՖՐԱՆՍ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԳԼՈ–ՖՐԱՆՍ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՄ (1956), Եգիպտոսի կառավարությունը 1956-ի հուլիսի 26-ին ազգայնացրեց Սուեզի ջրանցքը: Իրենց խախտված դիրքերը Եգիպտոսում վերականգնելու և արաբական աշխարհում ազգային–ազատագրական շարժումներին հարված հասցնելու նպատակով Անգլիան և Ֆրանսիան, օգտագործելով Իսրայելին, ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Եգիպտոսի դեմ։ Իսրայելի նպատակն էր զենքի ուժով ընդլայնել իր տերիտորիան։ 1956-ի հոկտ. 29-ին իսրայելական զորքերը հարձակման անցան Սինայի թերակղզում։ Հոկտ. 31-ին Անգլիան և Ֆրանսիան սկսեցին ռմբակոծել Եգիպտոսը և դեսանտ իջեցրին Պորտ–Սաիդի շրջանում։ Ագրեսիան խիստ լարեց միջազգային իրադրությունը և համաշխարհային պատերազմի սպառնալիք ստեղծեց։ Եգիպտական ժողովուրդն ու բանակը հերոսաբար դիմադրեցին ագրեսորներին։ Սովետական կառավարությունը 1956-ի նոյեմբ. 5-ին հայտարարեց, որ լի է ագրեսորներին սանձահարելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու վճռականությամբ։ 1956-ի նոյեմբ. 6-ին ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Անգլիան և Ֆրանսիան դեկտ. 22-ին, իսկ Իսրայելը 1957-ի մարտի 8-ին իրենց զորքերը դուրս բերեցին Եգիպտոսից։ Եգիպտոսի կառավարության համաձայնությամբ ՄԱԿ–ի զինված ուժերը տեղաբաշխվեցին եգիպտա–իսրայելական 1949-ի զինադադարի գծի երկայնքով։