ՀՍՀ/ԱՆԳՂ ԽՈՇԱԲ ԳԵՏԻ ՀՈՎՏՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆԳՂ, Անկղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիս–արևելյան կողմում. Խոշաբ գետի հովտում, Հայոց ձորի այգեվետ շրջանում։ Անունն առաջացել է գյուղում անգղ թռչունի շատ տարածված լինելու պատճառով։ Գյուղի միջով հոսում է նույնանուն գետակը։ XX դ. սկգբներին ուներ 105 տուն՝ 492 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ա–ի շրջակայքում պահպանվել են հին եկեղեցիների և բնակավայրերի ավերակներ։ Գյուղից ոչ հեռու Անգղա Ս. Աստվածածին վանքն է։ Ա. թուրքերի կողմից առաջին անգամ ավերվել ու կողոպտվել է 1895-ին, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իսպառ կործանվել։ 1916-ին Ա–ում կային միայն 16 բնակիչներ, որոնք հետագայում ապաստանել են Արևելյան Հայաստանում։
