Jump to content

ՀՍՀ/ԱՆԳՈԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԳՈԼԱ (Angola), երկիր Աֆրիկայի հարավ–արևմուտքում, Պորտուգալիայի գաղութը (1951-ից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ. կմ² Է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969)։ Վարչականորեն բաժանված է 15 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հս. և Ա–ից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորեն Նոր Լիսաբոնն Է, Փաստորեն՝ Լուանդան։ Կառավարում է գլխավոր նահանգապետը։

Բնությունը։ Ա–ի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50–200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը Մոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է Աֆրիկական պլատֆորմի մի մասը։ Ա. հարուստ է ալմաստի ցրոններով, նավթի, գորշ ածխի, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի, ոսկու և այլ հանածոներով։

Ա–ի ներքին մասի կլիման հասարակածա–մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյսւն մասում՝ արևադարձային–պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22°C–ից 28°C Է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15°C–ից 22°C։ Տարեկան տեղումները՝ 1000–1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50–100 մմ, հյուսիսում՝ 250–500 մմ։ խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ–տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։

Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա–Աֆրիկյան ենթամարզի սավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային ֆաունայի տարրերով։

Ա–ի բնակչության մոտ 96%–ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Ա–ի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։ Նշանավոր քաղաքներն են՝ Լուանդան, Նոր Լիսաբոնը և Լոբիտուն։

Պատմական ակնարկ։ Ա–ի ժողովուրդների սոցիալ–տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլա–ան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։ 1482-ին Ա–ի սփերին հայտնվեցին պորտուգալացիները։ Նրանք իրենց ենթարկեցին Կոնգո պետությունը, բայց ապստամբած ժողովուրդը XVI դ. վերջին նրանց վտարեց երկրից։ Արյունահեղ էր պորտուգալացիների պատերազմը Գոլա–ան–Դոնգո պետության դեմ XVI–XVII դդ., որից հետո պորտուգալացիներն աստիճանաբար ամրացան Ա–ի ծովափին, բացառությամբ Կոնգոյի գետաբերանի, որը նվաճվեց XIX դ. վերջին։ 1885–94-ին Պորտուգալիայի, Բելգիայի, Գերմանիայի և Անգլիայի միջև կնքված համաձայնագրերով որոշվեցին Ա–ի ներկայիս սահմանները։ Ա–ում հաստատված գաղութային դաժան վարչակարգը պարբերաբար հարուցում էր ժողովրդական ապստամբություններ: 1961-ին «Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում» (ԱԱԺՇ, 1956) կուսակցության ղեկավարությամբ բռնկվեց զինված ապստամբություն, որը սկիզբ դրեց ժողովրդա–ազատագրական պատե– րազմին՝ ընդդեմ գաղութարարների։ Ազգային–ազատագրական շարժման ծավալմանը խանգարում են «Անգոլայի ժողովուրդների միություն» (ԱԺՄ, 1954) ազգայնական կուսակցության պառակտողական գործողությունները։ 1962-ին ԱԺՄ–ը, հայրենասիրական մյուս կագմակերպություններից անկախ, Զաիրի Հանրապետությունում ստեղծեց «Անգոլայի Հանրապետության վտարանդի ժամանակավոր կառավարություն», որը հանդես եկավ ազատագրական պայքարի միակ ղեկավարի հավակնությամբ։ 1965-ին ԱԺՄ–ը փաստորեն դադարեցրեց իր ջոկատների ռազմական գործողությունները Ա–ում։ Աֆրիկյան միասնության կազմակերպությունը (ԱՄԿ) Ա–ի ժողովրդի միակ ներկայացուցիչ ճանաչեց ԱԱԺՇ–ին, որը հաջողությամբ պարտիզանական պատերազմ է մղում երկրում։ Ազատագրված շրջաններում ստեղծվում են իշխանության ընտրովի մարմիններ, ինչպես նաև դպրոցներ, բուժկետեր։ Պորտուգալական գաղութարարներին Ա–ի ժողովրդի դեմ պայքարում օժանդակում է ՆԱՏՕ–ն։

1961-ից սկսած Ա–ի հարցը մի քանի անգամ քննարկվել է ՄԱԿ–ում, ԱՄԿ–ում, միջազգային դեմոկրատական կազմակերպություններում։ Ընդունված բանաձևերը դատապարտում են պորտուգալակաև գաղութարարների քաղաքականությունը և պահանջում անհապաղ անկախություն տալ Ա–ի ժողովրդին։ Մարտնչող Ա–ին մշտական աջակցություն, են ցույց տալիս ՍՍՀՄ-ն ու սոցիալիստական երկրները։

Տնտեսությունը։ Ա. տնտեսապես թույլ զարգացած, գյուղատնտեսական երկիր է։ Տնտեսության մեջ մեծ դեր է խաղում պորտուգալական և անգլիական կապիտալը։ Ուժեղանամ է ԱՄՆ–ի ե ԳՖՀ–ի կապիտալի ներխուժումը։ Գյուղացիների անհատական մանր տնտեսությունների կողքին կան եվրոպական ընկերություններին և առանձին պլանտատորներին պատկանող խոշոր պլանտացիաներ ու ֆերմաներ, որոնք տալիս են գյուղատնտեսական մթերքների հիմնական մասը։ Զարգացած է ծովային ձկնորսությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է (հատկապես ալմաստի, ինչպես նաև նավթի, երկաթի, բնական ասֆալտի արդյունահանումը), որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Ա–ի երկաթուղագծերի երկարությունը 3 հզ. կմ է (1966)։ Հիմնական երկաթուղին՝ բենգալականը, ունի տրանզիտային նշանակություն։ Ավտոճանապարհների երկարությունը 45 հզ. կմ է (1964)։ Նավահանգիստներն են՝ Լոբիտուն, Լուանդան և Մոսամեդիշը։ Լուանդայով անցնում են միջազգային մի շարք ավիագծեր։ Ա–ից արտահանվում է սուրճ, եգիպտացորեն, ձկան ալյուր, սիզալ, ալմաստ, երկաթ, անտառանյութ։ Ներմուծվում են մեքենաներ և սարքեր, փոխադրամիջոցներ, տեքստիլ ապրանքներ, մետաղ և մետաղյա իրեր, գինիներ։ Արտաքին առևտրում առաջատարը Պորտուգալիան է, ապա ԱՄՆ, ԳՖՀ ևն։

Դրամական միավորն անգոլարն է, որը հավասար է պորտուգալական էսկուդոյին։

Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ Ա–ում գերակշռում են վարակիչ հիվանդությունները, առանձնապես՝ մալարիան և շիստոզոմատոզները, տուբերկուլոզը, մանկական և աղիքային ախտերը, բորոտությունը, մորացանը և վեներական հիվանդությունները։

Գրականությունը։ Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, ումբունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով Ա–ում նախապես ստեղծվել է հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։ XIX դ. վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող Օ. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1–3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855–1930) հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–47-ը գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948–60) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագոր Անգոլան» կուլտուր–լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Սորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Ա–ի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմական գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։«Բանաստեղծություններ» (1961), «Ցամաք աչքերով» (1963) գրքերի հեղինակ Ա. Նետուն, պորտուգալական գաղութների քնարերգության երեք անթոլոգիաների կազմող Մ. դի Անդրիադին և ուրիշներ վտարանդիության մեջ պայքար են մղում իրենց հայրենիքի ազատագրման համար։

Ճարտարապետությունը։ Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիևերի մուտքից հետո Ա–ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ XX դ. սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ:

(նկ․) 1. Առաջնորդի գահաթոռ։ Փայտի քանդակազարդում։ Նստատեղը կաշվից։ 2. «Մվանավո» փայտյա դիմակ կեղծամով։ 3․ Նախահոր պատկերաքանդակ՝ «Նավազեյա»։ Սև փայտ։

Կերպարվեստը։ Ա–ի տարածքում պահպանվել են նախնադարյան ժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։