Jump to content

ՀՍՀ/ԱՆԴԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԴԵՐ (ինկերեն՝ անտա–պղինձ, պղնձյա լեռներ), Անդյան Կորդիլիերա (Andes), աշխարհի ամենաերկար (9000 կմ) լեռնային համակարգը և ամենաբարձրներից մեկը (Ակոնկագուա, 6960 մ)։ Հս–ից և արմ–ից եզերում են ամբողջ Հարավային Ամերիկան։ Առաջացել են ալպյան լեռնակազմական պրոցեսների հետևանքով։ Ա–ի տեկտոնական պրոցեսները շարունակվում են նաև այժմ։ Նորագույն ժամանակներում եղել են ուղղաձիգ բարձրացումներ։ Ա. կազմված են հս–ից հվ. ձգվող լեռնաշղթաներից, իսկ նրանց միջև ընկած են ներքին սարահարթերը կամ իջվածքները։ Հս–ում Ա. ձգվում են արմ–ից արլ.։ Հս–արլ–ում գտնվում են Կարիբյան Ա. (բարձր, մինչև 2765 մ), նրանց անմիջական շարունակությունն են Հյուսիս–արևմտյան Ա., որոնք Կաուկա և Սագդալենա գետերի հովիտներով բաժանվում են Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Կորդիլիերայի։ Ավելի հարավ (մինչև հվ. լ. 4°) ձգվում են վառ արտահայտված հրաբխականությամբ՝ Էկվադորի Ա. (Զիմբորասո՝ 6262 մ, Կոտոպախի, Սանգայ ևն)։ Հարավային լայն. 4°–ից մինչև 14° գտնվում են Պերուական Ա. (ալպյան տիպի ռելիեֆով, մասնատված Մարանիոն, Ուկայալի գետերի վերին հոսանքներով)։ Մինչև հվ. լ. 28° տարածված են Կենտրոնական Ա., համակարգի ամենաընդարձակ (լայն. 700–800 կմ) և բարդ մասը։ Այստեղ, մոտ 4000 մ բարձրության վրա, գտնվում է Պունա սարահարթը իր մի քանի մնացորդային լճերով (Տիտիկակա, Պոոպո ևն)։ Հվ. լ. 28°–ից հվ. ձգվում են Չիլի–Արգենտինյան Ա., ուր աչքի են ընկնում Գլխավոր Կորդիլիերան (Ակոնկագուա) և Առափնյա Կորդիլիերան, որոնք բաժանված են Երկայնակի հովտով։ Ծայր հվ–ում են Պատագոնյան Ա. (մինչև 4035 մ)՝ բազմաթիվ սառցապատված զանգվածներով։ Առափնյա Կորդիլիերան այստեղ վերածվում է կղզիների (Չիլիական արշիպելագ), իսկ Երկայնակի հովիտը՝ նեղուցների։ Ա–ի լանդշաֆտը բազմազան է։ Լեռների արլ. լանջերին (Կոլումբիական Ա. մինչև հվ. լ. 28°) զգալի է Ատլանտյան օվկիանոսից եկող խոնավությունը։ Արմ. լանջերին (հվ. լ. 5°–28°) բնորոշ են չոր անապատային կլիման և մակերեսային ջրերի աղքատ հոսքը։ Հվ. լ. 28°–ից հվ. տեղումներն ավելանում են և Պատագոնյան Ա–ի արմ. լանջերին, բարեխառն գոտում հասնում 5–7 հզ. մմ–ի։ Արլ. լանջերը չոր են (բացառությամբ ծայր հարավի)։ Ա–ով է անցնում միջօվկիանոսային ջրբաժանը, որից սկիզբ են առնում Հարավային Ամերիկայի գետերի մեծ մասը։ Ա–ի հս–արմ. լանջերը ծածկված են լատերիտային հողերով և լեռնային խոնավ արևադարձային անտառներով, որոնք ավելի վեր փոխվում են տերևաթափ անտառների և ապա՝ մարգագետինների (պարամոս)։ Չիլիի մերձարևադարձային Ա–ում գերակշռում են դարչնագույն հողերով և մշտադալար չոր մերձարևադարձային անտառներով ու թփուտներով շրջանները։ Հվ. լ. 38°–ից հվ. տարածված են խոնավ մշտականաչ և խառն անտառները՝ անտառային գորշ հողերով։ Պունայի արմ. և խաղաղօվկիանոսյան ամբողջ ծովափը (հվ. լ. 5°–28°–ում) անապատ են։ Ա. քինաքինայի ծառի, կարտոֆիլի, կոկայի հայրենիքն է։ Ա–ի կենդանական աշխարհը հս–ում պատկանում է Բրազիլական կենդանա–աշխարհագրական ենթամարզին՝ մերձակա հարթավայրերի ֆաունայի ներկայացուցիչներով, իսկ հարավում՝ առավելապես Չիլի–Պատագոնյան ենթամրզին (ուղտայծեր, ակնոցավոր արջ, էնդեմիկ եղջերուներ, մագելանի շուն, կոնդոր են)։ Ա–ի հանքային հարստություններից են՝ պղինձը, անագը, վոլֆրամը, վանադիումը, ոսկին, պլատինը, արծաթը, նավթը, մկնդեղը, սելիտրան են։