ՀՍՀ/ԱՆԴԵՐՍԵՆ ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ
ԱՆԴԵՐՍԵՆ (Andersen) Հանս Քրիստիան (1805–1875), դանիացի գրող։ Ծնվել է ապրիլի 2-ին, Օդենսեում։ Վաղ հասակից հետաքրքրվել է թատրոնով, բանահյուսությամբ։ Գրականության մեջ է մտել «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու արևելյան հրվանդանը» (1829) իր առաջին ֆանտաստիկ–երգիծական գործով։ Գրել է նաև պիեսներ և պոեմներ։ 1831-ին եղել է Գերմանիայում և վերադարձին գրել «Ստվերոտ պատկերներ» (1831) ճամփորդական ակնարկների գիրքը, ապա «Ագնետան և ջրային ոգին» (1834) պոեմը՝ ժողովրդական երգերի թեմայով, «Իմպրովիզատոր» (1835), «Միայն ջութակահար» (1837) վեպերը։ 1840–57-ին եղել է Սկանդինավյան երկրներում, Իտալիայամ, Իսպանիայում, Պորտուգալիայում և իր տպավորություններն արտահայտել «Պոետի շուկան» (1842) և «Իսպանիայում» (1863) ճամփորդական ակնարկներում։ 1846-ին հրատարակել է «Իմ կյանքի հեքիաթը» ինքնակենսագրական վեպը։ Համաշխարհային ճանաչում է գտել հեքիաթներով՝ «Թագավորի նոր հագուստը» (1837), «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (1835), «Ջրահարսը» (1837), «Վայրի կարապները» (1838), «Սոխակը» (1843, հայերեն հրտ. 1882) ևն, որոնք աչքի են ընկնում ռոմանտիկական ոճով և ռեալիստական ընդհանրացումներով։ Դրանց ֆանտաստիկական նկարագրությունների, բացառիկ, անսովոր, հեքիաթային ձևերի մեջ միշտ հանդիպում են կենդանի մարդիկ, երևան է գալիս իրական կյանքը։ Մահացել է օգոստ, 4-ին, Կոպենհագենում։
Երկ․ հեքիաթներ, Թ., 1904։ "Հեքիաթներ և պատմվածքներ, Ե., 1946։ Հեքիաթներ և զրույցներ, Ե., 1956.
