ՀՍՀ/ԱՆԴԻԺԱՆԻ ՄԱՐԶ
ԱՆԴԻԺԱՆԻ ՄԱՐԶ, Ուզբեկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1941-ի մարտի 6-ին։ Տարածությունը 4,3 հզ. կմ² է։ Բաժանվում է 8 վարչական շրջանի։ Ունի 2 քաղաք, 6 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Անդիժան։
Բնությունը։ Գտնվում է Ֆերգանայի հովտի արլ. մասում։ Մարզի արմ. մասը բարձրադիր հարթավայր է (բարձր. 400–500 մ), արլ. մասն զբաղեցնում են Ֆերգանայի և Ալայան լշ–ների մասնատված նախալեռները (ադիրները)։ Կլիման ցամաքային է. ամռանը՝ շոգ, ձմռանը՝ համեմատաբար ցուրտ։ Հունվ. միջին ջերմաստիճանը -3°C է, հուլիսինը՝ 27,3°C։ Տարեկան տեղումները՝ մոտ 200 մմ։ Գլխավոր գետը Կարադարյան է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ա. մ-ի տարածության մեծ մասը վարելահող է։ Հողերը հիմնականում մոխրա գույն են, մարգագետնային և մարգագետ–նաճահճային։ Չմշակվող վայրերում աճում են օշինդրաաղային և էֆեմերային բայսերը, լեռնալանջերին՝ պիստակենին ու նշենին։
Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 1124 հզ. մարդ (1972), ուզբեկներ (77%), ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, տաջիկներ, կիրգիզներ ևն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 261,5 մարդ է։ Քաղաքային բնակչությունը՝ 24%։ Քաղաքներն են՝ Անդիժանը, Լենինսկը։
(նկ․) Անդիժանի մարզ
Տնտեսությունը։ Մարզի ժողովրդական տնտեսության հիմքը բարձր զարգացած գյուղատնտեսությունը (գլխավոր ճյուղը բամբակագործությունը) և արդյունաբերությունն են։ Ա․ մ․ հանրապետության նավթարդյունահանման հիմնական շրջանն է (763,5 հզ․ տ, 1967)։ Արդյունահանվում է նաև գազ (192 մլն․ մ³, 1967)։ Կառուցվել է Խոջիաբադ-Անդիժան-Լենինսկ գազամուղը։ Մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկությունները կենտրոնացված են Անդիժանում։ Արտադրում են դիզելներ, ոռոգման և ճանապարհաշինական մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորում։ Շարժիչների վերանորոգման գործարաններ կան Լենինսկում։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Կան բամբակազտիչ, արհեստական մանրաթելի գործարաններ, կարի, մանվածքագործվածքային ֆաբրիկաներ ևն։ Սննդարդյունաբերության ձեռնարկություններից են Անդիժանի պահածոների, չոր մրգերի, ձիթհան գործարանները։ Ունի ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Գործում է Շաարիխանի ՀԷԿ–երի կասկադը։ Ա. մ–ի տերիտորիայով են անցնում Ֆերգանայի Մեծ, Ֆերգանայի Հարավային, Անդիժանի Մեծ և այլ ջրանցքները։ Ցանքատարածությունների 95% կարիք ունի ոռոգման։ Հիմնական կուլտուրան բամբակենին է, որն զբաղեցնում է ցանքատարածությունների 76% (234,4 հզ. հա, 1965)։ Մշակում են նաև ցորեն, բրինձ, գարի, եգիպտացորեն։ Ունի զարգացած այգեգործություն,. պտղաբուծություն, շերամապահություն։Մարզի տերիտորիան հատում են Տաշքենդ–Անդիժան–Ջալալ–Աբադ և Կոկանդ–Նամանգան–Անդիժան երկաթուղագծերը։ Մարզով է անցնում Ֆերգանայի օղակաձև ավտոճանապարհը։
