Jump to content

ՀՍՀ/ԱՆԴՐԵԵՎ ԼԵՈՆԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԴՐԵԵՎ Լեոնիդ Նիկոլաևիչ (1871–1919), ռուս գրող։ Ծնվել է օգոստոսի 9(21)–ին, Օրյոլում։ Գրական գործունեությունն սկսել է 1895-ից՝ ֆելիետոններով։ Վաղ շրջանի պատմվածքներում («Բերգամոտը և Գարասկան», 1898, «Շտաբս–կապիտան Կաբլուկովի կյանքից», 1898 ևն) արտահայտել է դեմոկրատական հայացքներ, հետագայում հարել է դեկադենտական դպրոցին, մարդկային կյանքը համարել անիմաստ, բանականությունը՝ անզոր («Պատը», 1901, «Միտք», 1902, «Վասիլի Ֆիվեյսկու կյանքը», 1904)։ «Նահանգապետը» (1906), «Յոթ կախվածների պատմությունը» (1908), «Իվան Իվանովիչ» (1908) պատմվածքներում քննադատել է բուրժուական հասարակության հիվանդոտ կողմերը, միաժամանակ արտահայտելով համակրանք հեղափոխության (1905–07) նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ա. հեռացել է ռուս գրականության առաջադեմ ավանդույթներից։ Դժգոհությունը կյանքից նրա հերոսների մոտ արտահայտվում է անարխո–նիհիլիստական խռովարարությամբ («Խավար», 1907, «Արքա Սովը», 1908, պատմվածքները և «Սև դիմակներ», 1908, «Անաթեմա», 1910, փիլիսոփայական դրամաները)։ Ա–ի ստեղծագործությունը մոտիկ է եղել էքսպրեսիոնիզմին։ Սահացել է սեպտ. 12-ին, Նեյվալայում (Ֆինլանդիա)։

(նկ․) Լ.Ն. Անդրեև։ (նկ․) Ն. Ա. Անդրեև։

Երկ. Օտարազգին, Թ., 1903։ Խավար, Էջմիածին, 1908։ Յոթ կախվածների պատմությունը, Ե., 1909։ Անաթեմա, Թավրիզ, 1910։ Полн. собр. соч., т. 1–8, СПБ, 1913.