ՀՍՀ/ԱՆԴՐԵՐԿՐԿՈՄ
ԱՆԴՐԵՐԿՐԿՈՄ, 1922– 1937-ին Անդրֆեդերացիայի մեջ մտնող սովետական հանրապետությունների միացյալ կուսակցական կազմակերպության ղեկավար օրգանը։ Ստեղծվել է 1922-ի փետր. 18–22-ը, Թիֆլիսում, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների I համագումարում, որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի, Աբխազիայի, Առանձին կովկասյան բանակի և Նախիջևանի կուսակցական կազմակերպությունների պատվիրակները (տես Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումար)։ Համագումարում ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի փոխարեն ստեղծվեց ՌԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային կոմիտե (Անդրերկրկոմ), որի կազմում ընտրվեցին Գ. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը, Ա. Մյասնիկյանը, Մ. Օրախելաշվիլին, Ս. Լուկաշինը (Սրապիոնյան), Ն. Նարիմանովը, Պ. Մդիվանին, Մ. Պլեշակովը, Ս. Յակուբովը։ Անդրերկրկոմի առաջին քարտուղար ընտրվեց Մ. Օրախելաշվիլին, կարճ ժամանակից հետո՝ Ա. Մյասնիկյանը։ Ա–ի գոյության 15 տարիների ընթացքում տեղի է ունեցել Անդրկովկասյան երկրային կուսկազմակերպությունների 7 համագումար. II-ը՝ 1923-ի մարտի 19–23-ը, III-ը՝ 1924-ի մայիսի 13–15-ը, IV-ը՝ 1925-ի դեկտ. 5–9-ը, V–ը՝ 1927-ի նոյեմբ. 21–25-ը, VI-ը' 1930-ի հունիսի 5–12-ը, VII-ը՝ 1934-ի հունվ. 15–18-ը։ Տարբեր ժամանակներ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի նախագահության անդամներ են ընտրվել Մ. Ցխակայան, Շ. Էլիավան, Ս. Համբարձումյանը, Ֆ. Մախարաձեն, Գ. Մուսաբեկովը, Ռ. Ախունդովը, Ն. Գիկալոն, Ա. Կարաևը, Ս. Տեր–Գաբրիելյանը, Ա. Խանջյանը, Ա. Յակովլևը, Դ. Բունիաթզադեն, Լ. Քարթվելիշվիլին, Ս. Կասյանը, Հ. Նազարեթյանը և ուրիշներ։ Ա. 1937-ի ապրիլի 23-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի է ենթարկվել՝ Անդրֆեդերացիայի վերացման կապակցությամբ։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կուսկազմակերպությունների Կենտկոմները ուղղակիորեն ենթակա դարձան ՀամԿ(բ)Կ Կենտկոմին։
Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967։ Очерки истории коммунистический организаций Закавказья, ч. 2, 1921-1937 гг.,
