Jump to content

ՀՍՀ/ԱՆԵՄՈՒՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԵՄՈՒՌ, Անամուռ (հուն, Ανεμούρέωυ), բերդաքաղաք Ծովային Կիլիկիայում, համանուն հրվանդանի ծայրին, ներկայիս Ադանայի վիլայեթի Անամուռ գյուղաքաղաքից (հիմնվել է 1870-ական թթ.) 10 կմ հեռու, ծովային և ցամաքային տարանցիկ ճանապարհների հանգույցում։ Ա. որպես նավահանգիստ հիմնել են Փյունիկացի ծովագնացները (մ. թ. ա. մոտ IV–III դդ.)։ Հռոմեական և բյուզանդական շրջանում եղել է կարևոր ռազմա–պաշտպանական հենակետ։ Կիլիկիայի Լևոն Բ թագավորի օրոք Ա. պատկանել է իշխան Հալկամին։ Իկոնիայի սելջուկյան սուլթան Ալահեդինը (1219–36) բերդը խլում է հայերից, բայց Լևոն Գ 1284-ին վերագրավում Է։

Քաղաքային մասում պահպանվել են պարսպի մնացորդներ, ջրամբարներ, ընդարձակ, գերեզմանատունը, նկատվում են թատերական շինությունների հետքեր։ Դեռ կանգուն է Ա–ի նեկրոպոլն իր տարբեր շինություններով, այդ թվում կամարակապ դամբարաններով։ Միջնաբերդը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, քարաբլրի վրա։ Այն կառուցված է միջնադարյան ռազմա-ճարտարապետական արվեստի սկզբունքներով, վերանորոգել են խաչակիր ասպետները XII–XIII դդ.։ Միջնաբերդը շրջապատված է եղել պարիսպներով (տեղ–տեղ մինչև 6 մ հաստությամբ) և բուրգերով, որոնց մի մասը կանգուն է առ այսօր։ Ունի բազմաթիվ գետնուղիներ, ջրախանդակ։ Մուտքերից մեկի վրա կա հունական արձանագրություն։ Գլխավոր մուտքի դիմաց, բերդից մոտ 20 մ հեռավորության վրա, պահպանվել են բաղնիքի մնացորդներ՝ խճանկար սալահատակով։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Մ. Ճևահիրճյան