Jump to content

ՀՍՀ/ԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԻ, ամրոց (V–IX դդ.). Հայաստանի մայրաքաղաքը (X–XI դդ.) և տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն (IX–XIV դդ.)։ Ներկայումս անբնակ է, ավերված։ Ա–ի ավերակները գտնվում են Թուրքիայում (Կարսի վիլայեթ), սովետա–թուրքական սահմանի մոտ, Անի կայարանից 7 կմ արևմուտք, Լենինական քաղաքից 30 կմ հարավ–արևմուտք, Ախուրյաև գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500 մ բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա (մոտ 150 հա

Ա. իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր։ Վարդան Բարձրբերդցի պատմիչը գրել է. «…զքաղաքն Անի, որ կոչի Խնամք…» (Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117–18)։ Ուսումնասիրողները չեն պարզել, թե իևչու է Ա. կոչվել Խնամք, և ինչ է նշանակում այս բառը, որ հաստատապես խնամել բառը չէ, ինչպես հավաստում է Հ. Հյուբշմանը։ Ծաղկուն շրջանում քաղաքն ունեցել է մինչև 100000 բնակիչ։ Հնագույն ժամանակներից Ա–ի տեղում եղել է բնակավայր, մերձակայքում կա մ. թ. ա. VIII–VII դդ. դամբարանադաշտ։ Հայ մատենագրության մեջ Ա. առաջին անգամ հիշատակվում է V դ. (Եղիշե, Ղազար Փարպեցի) իբրև անմատույց ամրոց։ Այն պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում, ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում, ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թ. Թորամանյանի կարծիքով, դեռևս IV–V դդ. գոյություն է ունեցել ամրոց։ IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատանի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները, Ա. ամրոցի հետ, միացրել իր հողերին։ Դարի վերջերին Ա. արդեն գյուղաքաղաք էր։ 961-ին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրեցին Ա. և այն հռչակեցին մայրաքաղաք։ 964-ին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում կառուցեց հզոր պարիսպ («Աշոտաշեն» պարիսպներ)։ Այն ժամանակվա միջազգային խոշոր առևտրական ճանապարհի Դվին–Տրապիզոն հատվածի վրա ընկած Ա. արագ թափով սկսեց մեծանալ։ Դվինից և այլ վայրերից Ա. եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ–ին ստիպեց 989-ին կառուցել երկրորդ պարիսպը («Սմբատաշեն» պարիսպներ), որը, անցնելով Ծաղկոցաձորի, Իգաձորի եզրերով, միացել է Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։ Ա–ում պալատներ ու ապարանքներ կառուցեցին նախարարական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կուղպակներ։ Ա. մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա–ի թագավորության (989–1020) խաղաղ տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները ևն։

Ա. առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա անոթներ, ներկեր ևն։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Ա–ի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը։ Հայկական գորգերը, մետաքսյա և բրդյա բանվածքները, ոսկուց, արծաթից և պղնձից պատրաստված զարդեղենը, զենքի տարբեր տեսակները իրենց որակով չէին զիջում աշխարհի լավագույն արհեստավորների արտադրանքին։ XI դ. Ա. մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող հռչակավոր քաղաք էր։

Գագիկ Ա–ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար առանձնապես սրվեց Գագիկ Ա–ի որդիների՝ Հովհաննես–Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Դ–ի միջև։ Թուլակամ Հովհաննես–Սմբատը, երկյուղելով Տայքի 1022–23-ի ապստամբությունը ճնշած բյուզանդական բանակի ներխուժումից, 1023-ին Ա. իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես–Սմբատի և Աշոտ Դ–ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Ա–ի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042-ի վերջին (կամ 1043-ի սկզբին) թագավոր օծեցին Աշոտ Դ–ի որդի պատանի Գագիկ Բ–ին։ 1043–44-ին բյուզանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Զորահրամանատար Վահրամ Պահլավունու գլխավորությամբ սկսվեց Անիի պաշտպանությունը։ Ա. մնաց անառիկ։ Գագիկ Բ նենգաբար կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ–ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045-ին Բագրատունիների թագավորությունը և Ա. ընկան բյուզանդական լծի տակ։ Ա–ի թագավորության անկումից հետո Շիրակը մայրաքաղաքի հետ կառավարվում էր բյուզանդական կատեպանների (կառավարիչների) կողմից։ Ամրացվեցին Ա–ի պարիսպները, անցկացվեց ջրմուղ։ 1064-ին՝ սելջուկների Հայաստան կատարած երրորդ արշավանքի ժամանակ մեծ զոհերի գնով Ա. գրավվեց։ 1072-ին Ա. սելջուկ զորավար Ալփ–Արսլանից գնեց Դվինի ամիրա Աբուլսուարը և տվեց իր որդի Մանուչեին։ Հիմք դրվեց Ա–ի Շադդադյան իշխանությանը, որն ընդմիջումներով տեվեց մինչև 1199։ Շադդադյանների օրոք Ա. նկատելիորեն կորցրեց արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը։ XII դարում Ա. մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ։ Վրաց Դավիթ II Շինարար, Գեորգի III թագավորների օրոք՝ 1124, 1161, 1174-ին, հայ–վրացական միացյալ զորքերը գրավեցին և կարճ ժամանակով տիրեցին Ա–ին։ 1199-ին Ա. ազատագրվեց և պնցավ Զաքարյաններին։ Ամիրսպասալար Զաքարե Բ 1199–1204-ին Հայաստանի հյուսիսային մի քանի նահանգներ միացրեց Ա–ին և այն փաստորեն դարձրեց վարչական կենտրոն։ Քաղաքում կառուցվեցին եկեղեցական և աշխարհիկ շենքեր, նորոգվեցին բերդապարիսպները, կամուրջները։ Պատմիչները այդ շրջանի Ա. հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով։

XI դարում Ա–ի ֆեոդալական հին վերնախավի («գահապետք», «գահերեցք», «սեպուհք») կողքին առևտրա–վաշխառուական գործարքների շնորհիվ առաջացավ մեծամեծների մի նոր շերտ, որին Արիստակես Լաստիվերցին անվանում է «Գլխավորք քաղաքին»։ Նույն պատմագիրը 1064-ին սելջուկներից անեցիների կրած պարտության առթիվ նշում է, որ Ա–ի մեծատունները փարթամացել էին տնանկների քրտինքով, վաշխերով ու անիրավություններով, անողորմ էին աղքատների հանդեպ, հակված էին մեղկ կյանքի, չէին խորշում կեղտոտ գործերից։ Հակադիր բևեռում էին ռամիկները։ Քաղաքի վերնախավերը բնակվում էին միջնաբերդում և հարմարավետ թաղամասերում, ստորին խավերը՝ խուլ թաղերում, ծայրամասերում, անշուք հյուղերի, այրերի («քարտների») մեջ։ Ա–ում էին կենտրոնացած զորքի մատակարարման, հարկերի ու տուրքերի գանձման, հանքերի շահագործման, շինարարական, դրամա–վաշխառուական գործարքները, իջևանատների, կրպակների, ջրաղացների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործումը:

Քաղաքը կառավարում էր ավագների խորհուրդը (ավագանին), որը իրականացնում էր նաև օրենսդրական իշխանությունը։ Ա. ուներ քաղաքապետ, որ կոչվում էր ամիրայից ամիրա կամ ամիրապետ։ Քաղաքի «մեծատունները» գրավում էին վարչական, տնտեսական և զինվորական պաշտոններ, զբաղվում առևտրով ու վաշխառությամբ։ Ա. արհեստագործության, արտադրանքի վերամշակման խոշոր կենտրոն էր։ Զարգացած էին մետաղագործությունը, շինարարական արհեստները, կավագործությունը, անկվածագործությունը, գրչության արվեստը։ Քաղաքում կային մեծ թվով ջրաղացներ, ձիթհաններ։

Զաքարյանների ծաղկուն շրջանն ընդհատվեց մոնղոլների արշավանքով։ 1236-ին մոնղոլները պաշարեցին և դավադրաբար տիրացան քաղաքին։ Անեցիների 1249-ի և 1260-ի ապստամբություններն ավարտվեցին անհաջողությամբ։

Մինչև XIV դ. կեսերը Ա. որպես քաղաք դեռ պաշտպանում էր իր գոյությունը։ Մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի քաղաքականությունը, բնակչության իրավազրկությունը, ծանր հարկերը տնեցիներին և Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին ստիպեցին տարբեր ժամանակներում մեծ խմբերով գաղթել օտար երկրներ՝ Վրաստան, Հարավային Ռուսաստան (Հաշտարխան, Ղրիմի քաղաքները). Ղրիմից մի մասը տեղափոխվեց Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ, ավելի ուշ, Դոն գետի ափին հիմնեց Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Ա. քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319-ի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը, 1364-ին, անիծում է Ա. քանդողներին։ Նշանակում է ամայացումը տեղի է ունեցել XIV դ. 60-ական թթ. թաթարական ցեղերի ձեռքով։ XIV և XV դդ. կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։

XVI դ. Ա. արդեն մի փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ XVIII դ. Ա. ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878-ին այն անցավ Ռուսաստանին։ 1920-ի պայմանագրով հանձնվեց Թուրքիային։

Մշակույթը։ Քաղաքաշինություն և ճարտարապետություն. Ա. զարգացման երեք շրջափուլ է ունեցել 1. Կամսարականների (IV–VII դդ.), 2. Բագրատունիների (X–XI դդ.), 3. Զաքարյանների (XIII դ.1–ին կես)։ Ունեցել է նաև անկման շրջաններ՝ արաբական տիրապետության (VIII–IX դ. կես) և սելջուկների (XI դ. 2-րդ կես–XII դ. վերջ)։ Կամսարականների շինարարական գործունեության արգասիք է Ա–ի միջնա– բերդի որձաքարով շարված պարիսպը (բացվել է պեղումներով)։ Քարերն ունեն ծիծեռնակապոչ գամերի համար արված փորվածքներ։ Այդ շրջանին է վերագրվում նաև միջնաբերդի թաղակապ, միանավ, այսպես կոչված՝ պալատական եկեղեցին (VII դ.). որի որմնասյուներին պատկերված են 4 ավետարանիչների խորհրդանիշ բարձրաքանդակները, ինչպես նաև Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու տեսարանը։ Եկեղեցու մուտքի բարավորին պատկերված է երկու հեծյալների բարձրաքանդակը։ XIII դ. հյուսիսային պատին կից կառուցվել է զվարթնոցատիպ որմնասյուներով կրկնահարկ տապանատուն–մատուռ, որի ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր (չափագրությունը կատարել Է Ն. Բունիաթյանը): 963–64-ին Աշոտ Գ Ողորմածի կառուցած «Աշոտաշեն» պարիսպների (բացվել է 1893-ին) աշտարակներում, պատմիչների վկայությամբ, եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Թ. Թորամանյանը երկու կողմնային աշտարակներում հայտնաբերել է մատուռներ։ Այդ պարիսպը շրջափակում էր Շահաստանը։ Ա–ի արագորեն ընդարձակվող թաղամասերը պարսպապատելու նպատակով՝ Սմբատ Տիեզերակալի կառուցած «Սմբատաշեն» պարիսպները (2500 մ) Գայլաձոր–Իգաձոր հատվածում կրկնակի էին, 8–10 մ բարձրությամբ, արտաքին կողմից պաշտպանված խորը, ավելի քան 500 մ երկարությամբ ջրով լի խրամով։ Այդ ջրի ավելցուկն օգտագործվում էր ջրաղացների, ձիթահանքերի քարերը պտտեցնելու և բանջարանոցները ջրելու համար: XI – XIII դդ. «Սմբատաշեն» պարիսպները անընդհատ նորոգվել են Շադդադյանների, Զաքարյանների և առանձին անհատների կողմից։ Պահպանված արձանագրություններից հայտնի է, որ աշտարակներ են կանգնեցրել Մամախաթունը (92-րդ աշտարակ), Շանուշեն (46-րդ աշտարակ) և ուրիշներ։ Բոլոր աշտարակները, բացի Ծաղկոցաձորի և Գայլաձորի աշտարակներից, կլոր են։ Դրանց մի մասը ներքուստ երկու–երեք հարկանի է եղել, դրանցում տեղավորվել է պահակազորքը։ Աշտարակներն ունեցել են հրակնատներ և ատամնավոր վերջավորություններ։ Ա–ի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով։ Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես են ունեցել, համարվել են անխորտակելի։ Եղել են նաև դռնակներ։ Սրբատաշ պատերի միապաղաղությունը վերացնելու համար դեղնավունից բացի օգտագործել են կարմիր և սև քար։ Մուտքերից մեկի վերին մասն ունի շախմատաձև շարվածք։ Պարիսպները արտաքուստ զարդարված են (խաչեր, արծիվ, վիշապ, ցլի գլուխ պատկերող զարդաքանդակներ, արձանագրություններ ևն)։ Գլխավոր մուտքի վրայի վազող հովազի բարձրաքանդակը, հավանաբար, XIII դ. Ա–ի զինանշանն է։ Ա–ի պարիսպները, չնայած մեծ չափերին, ճնշող տպավորություն չեն գործել, եղել են համահնչյուն տեղի ռելիեֆին, կազմել քաղաքի համայնապատկերի անքակտելի մասը, դարձել քաղաքի զարդը, տնեցիները աշխատում էին ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ և հմայիչ տեսքով։ Ա. ուներ արվարձաններ, մատույցները պաշտպանող ամրություններ, պահակատեղիներ (Մաղասբերդ, Տիգնիս), կային մենաստաններ, ուր կուսակրոն հոգևորականները զբաղվում էին ուսուցմամբ, ձեռագրեր ընդօրինակելով (Հոռոմոս, Բագնայր, Երերույք, Տեկոր)։ Կային 30 մ ավելի թռիչքով քարե կամուրջներ: Միջնադարում նման կամուրջները բացառիկ էին։ Դրանցից մեկն ունեցել է երկու կողմում աշտարակավոր երկաթագամ դռներ և տախտակյա բացվող մասեր։ Նրա կամարակիր երկու կենտրոնական հենարանների հեռավորությունը 31,5 մ է։ Ա–ի հատակագծային նախնական կորիզը կազմել են ամրացված միջնաբերդը և սրա ստորոտում փռված Շահաստանը։ Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված է եղել արքունի ընդարձակ պալատը, որը կրում էր շուրջ չորսդարյա շինարարական գործունեության հետքերը։ Պատմիչների նկարագրած ոսկեզօծ որմնանկարներով ձևավորված պալատի դահլիճներից մեզ են հասել չնչին մնացորդներ, երկար միջանցքը (50 մ), որի արևմտյան ծայրին, Ծաղկոցաձորի կողմից բացվել է գլխավոր մուտքը, պալատը բաժանելով երկու թևի՝ հյուսիսային և հարավային։ Հարավային թևում էր Կամսարականների բազիլիկ եկեղեցին, որը դարձել էր պալատական համալիրի բաղկացուցիչ մասը։ Հյուսիսային թևի որոշ հատվածներ երկհարկանի էին. երկրորդ հարկում տեղադրված էին հանդիսասրահները։ Հս–արլ. սրահում եղել են գիպսե հարդարանքի մասեր՝ որսի տեսարանով։ Պալատական դահլիճներից միայն հս–արմ. է շարված մաքուր տաշած տուֆով, առանց հարդարանքի։ Մնացած դահլիճներում սենյակների պատերը եղել են ճեղքված քարից՝ ծածկված սվաղով, որմնանկարներով, թանկարժեք դիպակներով։ Հյուսիսային թևում է եղել բաղնիքն իր բաժանմունքներով (7 սենյակ), սառը և տաք ջրերի ավազաններով, ջրամատակարարման, ջրահեռացման և տաքացման համակարգով։ Պալատի դահլիճները և սենյակները դասավորված էին այնպես, որ հաճելի տեսարան է բացվել դեպի Գագկաշեն եկեղեցին, Ծաղկոցաձորը, հեռավոր Ալաջայի (Արջոառիճ) լեռները (հս–արմ. դահլիճ), Մայր տաճարը, Ախուրյանի կիրճը, Արագածը (արևմտյան դահլիճ), դեպի միջնաբերդի ստորոտը փռված քաղաքը (հս–արմ. դահլիճ)։

Հայկական ճարտարապետության պատմության մեջ Ա. հայտնի է որպես պաշտամունքային կառույցների նշանավոր կենտրոն։ VIII դարից Հայաստանում ճարտարապետական հորինվածքների զարգացումը կանգ էր առել արաբների տիրապետության հետևանքով։ Մայրաքաղաք դառնալուց հետո Ա–ի շինարվեստի զարգացումն ընթացավ մինչարաբական շրջանի հայկական ճարտարապետության ամբողջ ժառանգության, անցյալի հուշարձանների հատակագծային և ծավալային հորինվածքների վերստեղծման ու վերամշակման ուղիով, փաստոըեն սկսվելով այն տեղից, որտեղ արհեստականորեն ընդհատվել էր դրանց աստիճանական զարգացումը։ Ա–ի բոլոր կառույցներն էլ վերարտադրում են VII դ. հանրահայտ կոմպոզիցիաները. Բագրատունյաց ճարտարապետության փառքը՝ Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Փրկչի եկեղեցին, Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ ևն։ Սակայն դրանք կրկնողություն չեն, այլ դրսևորվում են իբրև տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակ։ Քաղաքային կյանքի և աշխարհիկ մտածողության աշխուժացումը իր կնիքը դրեց Ա–ի ճարտարապետության վրա։ Նույնիսկ եկեղեցական կառույցներում որոշակիորեն նկատվում է քաղաքացիական ճարտարապետության ազդեցությունը, որն առավել ցայտուն արտահայտված է դեկորատիվ հարդարանքների մեջ։ Առաջնակարգ նշանակություն է ստացել մակերևույթների պլաստիկ մշակումը։ Լայն տարածում գտած եռանկյունաձև ուղղաձիգ խորշերից բացի, որոնք երբեմն կատարում են զուտ դեկորատիվ դեր, գրեթե ամենուր օգտագործվել է նաև դեկորատիվ որմնակամարաշարը, որն ստեղծում է լուսաստվերային գեղեցիկ խաղեր, ընդգծում կառուցվածքների համաչափությունների ուղղաձիգությունը։ Տրոմպայինին վերջնականապես փոխարինած առագաստային անցումները հնարավորություն են ստեղծել կառուցել արտաքուստ կամարաշարերով և սյունափնջերով հարդարված, բազմանիստ կամ լրիվ բոլորշի թմբուկներ, որոնք շատ հաճախ ավարտվել են ամպհովհարաձև վեղարով։ Լուսամուտները ներառվել են քանդակազարդ կամ բարդ տրամատավորված շրջանակների մեջ, իսկ պսակները հաճախ նստել են կիսասյուների վրա։ Եկեղեցիներից շատերն ունեցել են մեկից ավելի շքամուտք։ Դռների բացվածքների երկու կողմերից ուժեղ շեշտված որմնասյուների վրա բարձրացել են կամարակիր սյունափնջեր, իսկ վերնասյամերը ծածկված են եղել արձանագրություններով։ Մուտքերը եղել են ներքուստ հաճախ կամարակապ, իսկ արտաքուստ ունեցել են լայն երեսակալներ, որոնք ավարտվել են անտիկ ճարտարապետության մոտիվներով (ականթներ, ուլունքներ ևն) քանդակազարդված արխիտրավներով։ Զարդաքանդակների հորինվածքներին ավելի բնորոշ է եղել երկրաչափական կազմությունը։ VII դ. տաճարների ընդարձակ լուսամուտները փոխարինվել են դեպի վեր ձգված նեղ բացվածքներով։ Տաճարների ներքին տարածությունները ձգվել են դեպի գմբեթի կիսագունդը, որը խորհրդանշել է երկնակամարը։

Սելջուկյան ավերածություններից հետո, Զաքարյանների ժամանակ, Ա–ի ճարտարապետությունը ապրեց իր զարգացման հաջորդ շրջանը, երբ առաջատարն ու հիմնականը արդեն աշխարհիկ շենքերն էին՝ նրանցում մշակված ձևերը։ Կառուցվեցին պալատներ, որոնց մեջ ժողովրդական 410 ԱՆԻ

տան ձևերը գլխավոր դեր սկսեցին խաղալ։ Ա–ի աշխարհիկ ճարտարապետության վրա ակտիվ ներգործել են մի շարք հանգամանքներ՝ սոցիալ–տնտեսակսւն միջավայրը և նրա հետ կապված աշխարհիկ մտածելակերպը, բնակչության բազմազգ կազմը ևն։ Ա–ի ճարտարապետության ծաղկումը XII–XIII դդ. կապված է եղել քաղաքային կյանքի զարգացման հետ։ Ա–ի աճն աչքի է ընկել մի շարք բնորոշ գծերով, աշխարհիկ ճարտարապետության մշտական ազդեցությունը եկեղեցականի վրա, ճարտարապետական–գեղարվեստական հնարների ընդհանրությունը (օր. հարուստ շքամուտքի մոտիվը) ևն։ Քաղաքային դասի ուժեղացման հետ մեկտեղ մեծատունների կողմից հոյակապ շենքեր են կառուցվել Ա–ում։ Այս կարգի շինություններից է Անիի Պարոնի պալատը։ 1905-ին Գագկաշենից հյուսիս պեղված մի այլ պալատի շքամուտքի՝ Թ. Թորամանյանի վերակազմությունը ցույց է տալիս, որ այն լրիվ նմանվել է Պարոնի պալատի շքամուտքին։ Աստղաձև քարերից մեկի վրա կարդացվել է«Սարգսի» անունը (այստեղից՝ «Սարգսի պալատ»)։ Ա–ի իջևանատների (խանապար) մասին պահպանվել են վկայություններ վիմագրական արձանագրություններում։ Պեղված շենքերից մեկը երկարավուն, սրբատաշ քարերով սալահատակված բաց սրահ է։ Պատերի երկայնքով տեղավորված են թաղածածկ սենյակները։ Ա–ի իջևանները նույնպես ունեցել են հիանալի մշակված շքամուտքեր։

Բնակարանային ճարտարապետության մեջ ցայտուն կերպով դրսևորվել է բնակչության շերտավորումը։ Պեղումները բացել են բազմաթիվ բնակելի շենքեր՝ ճոխ հարդարանքով առանձնատներ և հասա րակ տներ։ Բնակելի տները գերազանցապես բաղկացած էին 3–5 հիմնական և օժանդակ սենյակներից։ Բնակարանների բաղկացուցիչ մասերն էին՝ թոնիրները, ոորնրը, բուխարիները, պատրհանները, ամբարները ևն։ Կառուցվել են գերազանցապես ճեղքված քարերով և սալահատակվել (հիմնականում տեղադրվել են գլխավոր փողոցի վրա, պեղվել են 1912-ին)։ Բնակելի յուրահատուկ թաղամաս է կազմել ժայռափոր Ա.։ Անդնդախոր կիրճերի եզրով ձգվում են հարյուրավոր արհեստական քարանձավներ։ Լայն տարածում էին գտել դեռևս Բագրատունյաց ժամանակ առաջ եկած եկեղեցական գավիթներն ու ժամատները, որոնք թեև եկեղեցիներին կից, բայց աշխարհիկ շենքեր էին՝ ժողովըրդական տան ձևերով և, երբեմն, իրենց կառուցվածքով ավելի արժեքավոր, քան բուն եկեղեցիները։ Տաճարների արտաքին հարթությունների նախկին զուսպ հարդարանքին փոխարինել են գեղատեսիլ, հաճախ աշխարհիկ թեմաներ բովանդակող ճոխ զարդաքանդակները, որ ամբողջական պար են կազմում տաճարների չորս կողմը։ Մուտքերի շրջանակները մեծացել և լցվել են քանդակներով։ Բուսական քանդակները ընդմիջվում են թռչունների և չորքոտանի կենդանիների պատկերներով։ Աննախընթաց վերելք է ապրել նկարչությունը, որ գերազանցապես արտահայտվել է որմնանկարչության և մանրանկարչության մեջ։ Տաճարների պատերի ներսի երեսները ծածկվել են որմնանկարներով, որոնց մեջ Աստվածաշնչի տեսարանները, սրբոց պատկեր– ները և քրիստոնեություն ընդունելու առասպելները կարևոր տեղ են բռնել։ Այս շրջանի շենքերից ամենակարևորը մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած՝ Ա–ի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր ժամատնով, որը նկարներով ու քանդակներով շատ զարդարված լինելու պատճառով հետագայում կոչվել է «Նախշլի»։ Հոնենցը եկեղեցու գոյությունն ապահովելու համար բազմաթիվ նվերներ է տվել նրան, որոնք մանրամասն թվարկված են շինության արձանագրության մեջ։ Նա իր կառուցած վանքին է տվել գյուղեր, կալվածքներ, այգիներ, ջրաղացներ, հյուրատներ, խանութներ, բաղնիք։ Հոնենցի եկեղեցուն չի զիջում նույն ճոխությամբ կառուցված Անիի Բախտաղեկի եկեղեցին։ Ա–ում կան տոհմական մի քանի այլ եկեղեցիներ ևս։ Այդ շրջանում նշանակալի բարձրության հասավ քարային կոնստրուկցիաների մշակման գործը (հատվող և խաչվող կամարներ ու թաղեր)։ Ա–ում մեծ թափ ստացավ ճանապարհաշինությունը, կամուրջների, քարավանատների, իջևանների, շքեղ մենատների, գավիթների, ժամատների, տոհմային՝ դամբարանների և վիմափոր կառուցվածքների շինարարությունը, որոնք անկրկնելի, յուրատեսակ կոթողներ են և զարմանք են պատճառում յուրօրինակ ճարտարապետական լուծումներով։ Հայկական ճարտարապետության զարգացման հիմնական կենտրոնի իր նշանակությունը Ա. պահպանեց մինչև XIV դ.։ Զաքարյանների իշխանությունը վերջացավ թուրքական ցեղերի ներխուժումով։

Ա–ի ճարտարապետության ընդհանուր արժեքը ի հայտ բերելու գործում բացառիկ դեր խաղաց Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին։ Նա, հենվելով Թ. Թորամանյանի ուսումնասիրությունների և մանավանդ չափագրությունների վրա, ցույց տվեց, որ Արևմտյան Եվրոպայի ռոմանական և գոթական ոճերն արևելյան ծագում ունեն և այդ ոճերի նախադրյալները Եվրոպա են գնացել միջնադարյան հայկական ճարտարապետության միջոցով, հայ գաղթականության ուղիներով։

Կրթությունը։ Կամսարականները Ա–ում և նրա շրջակայքում հանդես են եկել իբրև գիտության և կրթության հովանավորներ։ V դ. Ա–ի ամրոցի հոգևոր կենտրոնը հանդիսացող Տեկորի տաճարի դպրոցում ուսուցիչ է եղել գիտնական և մանկավարժ Թաթուլ ճգնավորը, որից մեզ են հասել իր խրատներն աշակերտին։ VII դ. ուսուցիչ է եղել Անանիա Շիրակացին (կոչվել է նաև Անեցի)։ Բագրատունյաց ժամանակ Ա., բացի սովորական դպրոցներից, ուներ իր համալսարանը, որտեղ դասախոսում էին ժամանակի խոշոր գիտնականներն ու մանկավարժները։ Երկար տարիներ Ա–ի բարձրագույն դպրոցը ղեկավարել են բազմաթիվ աշխատությունների հեղինակ և հույն փիլիսոփաների թարգմանիչ ու մեկնաբան Պահլավունի Գրիգոր Մագիստարոսը, ինչպես նաև Հաղպատից հրավիրված Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր)։ Այդ դպրոցի սաներից էին ժամանակագիր Սամուել Անեցին, Գրիգոր Փակակալը և ուրիշներ։ Դպրոցում, բացի կրոնական առարկաներից և լեզուներից, դասավանդել են նաև երաժշտություն, նկարչություն, համարողական արվեստ, ճարտարապետություն ևն։ Ինչպես Կամսարականները, այնպես էլ Բագրատունիներն ունեցել են իրենց պատմագիրները։ Ա–ում գրվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր։ Այն եղել է հայ գրչության օջախ։ Բագրատունյաց արքունիքը, ինչպես և կաթողիկոսարանը ունեցել են իրենց թանգարանները, ուր մեծ տեղ են գրավել ձեռագրերը։ Ա–ի հարյուրավոր վիմական արձանագրությունները գրագետ և գեղեցիկ հայերենով են գրված և, բացի իրենց բովանդակությունն արտահայտելուց, շենքերի պատերին ծառայել են իբրև զարդարանք։ Ն. Մառի քսանամյա պեղումները երևան բերեցին Ա–ի նյութական մշակույթի, մասնավորապես՝ արհեստագործական բազմաթիվ նյութեր, որոնք մեծ դեր խաղացին միջնադարյան Հայաստանի սոցիալ–տնտեսական կյանքի ուսումնասիրության գործում, վեր հանեցին հայ արհեստավորի փորձն ու հմտությունը։ Ա–ի, որպես տիպիկ միջնադարյան քաղաքի, արտադրության ինքնատիպ կողմերը երևան բերեցին նրա տեղը և դերը միջազգային առևտրի համակարգում։ Գտնված նյութերը ցույց տվեցին, որ Ա–ում արդեն արհեստային արտադրանքը նեղ, անհատական շրջանակներից դուրս է եկել և ստացել շուկայական, մասսայական արտադրանքի բնույթ։ Ա. միջնադարյան Հայաստանի արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այդ են վկայում մատենագրակաև և վիմական արձանագրությունները։ 1222-ին, Ա–ից ոչ հեռու գտնվող Մաղասբերդում տնեցիների կողմից արաբերենից հայերեն թարգմանված երազահանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 695) հիշատակված է մոտ քառասուն արհեստ, այդ թվում՝ դարբնություն, սլեհարարություն (զինագործություն), դերձակություն, ջուլհակություն, բրուտագործություն, ջահ բարություն, պղնձագործություն ևն։ Ա–ում կային հատուկ փողոցներ, շարքեր, թաղեր, որտեղ ըստ համքարությունների կենտրոնացված են եղել որոշակի արհեստանոց–կուղպակներ՝ բազզնոց (ջուլհակների փողոց), սառաճփողոց (թամբագործների փողոց), կոշկակարոց, նալբընդնոց, գտակկարոց ևն։ Պահպանվել են նաև արհեստավորների անուններ (Կոնդեր դարբին, 1213, Սարգիս լարարար, XIII դ.)։ Ա–ի արհեստներում կարևոր տեղ է գրավել մետաղագործությունը։ Գտնվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ, կողպեքներ, դանակներ, զենքեր, զարդեր։ Ա–ում պատրաստված մոմակալները, աշտանակները և ջահերը հայտնի են եղել ողջ երկրռւմ։ Հետաքրքրակաև է, որ Ա–ի միջնաբերդում գտնվել են X–XI դդ. զոդման եղանակով պատրաստված խողովակներ։ Ամենատարածված և զարգացած արհեստներից է եղել խեցեգործությունը։ Կավից պատրաստել են տարբեր կիրառության անոթներ, որոնք սպառվել են ներքին և արտաքին շուկաներում։ Գտնված իրերի մեջ մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենը ԱՆԻ 411

(փողրակ, աղյուս ևն), դրոշմազարդ կարասները, սնդկամանները, ջնարակապատ անոթները։ Ա–ի հախճապակե թասերը իրենց զարդարման եղանակով (ցանցկեն, մասկարոններ ևն) ե պատրաստման հմտությամբ չէին զիջում մերձավորարևելյան կենտրոնների արտադրանքին։ Ա. միջնադարյան Հայաստանի ապակեգործական խոշոր կենտրոն էր։ Ապակե սրվակների, անոթների և ապարանջանների արտադրությունը, հատկապես XII – XIII դդ., ընդունեց մասսայական բնույթ։ Ապակու ներկայումս պահվող հավաքածուի մեջ մտնում են տարբեր եղանակով պատրաստված անոթներ, հասարակից մինչև բարձրարժեք գեղարվեստական նկարուն նմուշներ։ Նյութական մշակույթի տվյալներով և աղբյուրների վկայությամբ Ա–ում մեծ զարգացում են ապրել գործվածքների, գորգերի ու կաշվեղենի արտադրության հետ կապված արհեստները մանածագործությունը, անկվածագործությունը, կտավագործությունը, մետաքսագործությունը, ներկարարությունը ևն։ Անկվածագործության զարգացման բարձր աստիճանն է ցույց տալիս 1908-ին Ծաղկոցաձորի քարայրային մեծ դամբարանում (հավանաբար Տիգրան Հոնենցի տոհմական հանգստարանում) գտնված աղջկա զգեստը՝ մետաքսե և բեհեզե յոթ տեսակի գործվածքներով և ոսկեթել վարդյակներով։ Մետաքսե նուրբ շղարշե փոքրիկ կտորի վրա պատկերված են կենդանիներ։ Մետաքսե գործվածքների մնացորդներ են գտնվել Ա–ի տարբեր վայրերում։ Բարձր մակարդակի են եղել փայտի գեղարվեստական փորագրությունը և քարի մշակումն ու շինարարական արհեստները (որմնադրություն, քարակոփություն), քանդակագործությունն ու նկարչությունը։

Վիմական արձանագրությունները։ Ա–ի տարածքում գտնված արձանագրությունները կարևոր աղբյուր են միջնադարյան Հայաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական պատմության ուսումնասիրության համար։ Արձանագրությունները գիտական մեթոդով հավաքելու և հրատարակելու գործը կապված է Ն. Մառի և նրա արշավախմբերի կատարած աշխատանքի հետ։ 1906-ից դա հանձնարարվեց Հ. Օրբելուն։ Նրա հավաքած արձանագրությունները հրատարակվեցին 1966-ին, «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի պրակով, որի մեջ ընդգրկված են շուրջ 250 արձանագրություն։ Ա–ի արձանագրությունները բացառիկ նշանակություն ունեն լեզվի, արվեստի, արհեստագործության ուսումնասիրության համար։ Նրանց մի մասը կառուցողական են և նվիրատվական։ Առանց վիմարձանագրությունների անհնարին կլիներ վերլուծել բազմաթիվ հարկային ու պարհակային տերմիններ, մաքսային և այլ տուրքերի անվանումներ։ Արձանագրություններում տեղեկություններ կան երկրի ներքին կյանքի, հասարակական կառուցվածքի, Ա–ի քաղաքային վարչության՝ քաղաքային խորհրդի, ավագների խորհրդի մասին։

Ուսումնասիրության պատմությունը։ Ա–ի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, վրացական, բյուզանդական, արաբական աղբյուրներում։ Ընդարձակ վկայություններ են թողել միջնադարյան հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Արիստակես Լաստիվերցին, Սամուել Անեցին, Մատթեոս Ուռհայեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Բարձրբերդցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ XVIII դ. պատմիչ Աբրահամ Կրետացին «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր–Շահին Պարսից» (հրտ. 1870) գրքի «Պատմութիւն Անի քաղաքին» հավելվածում վերամշակել է մի քանի դար առաջ ստեղծված պատմագրական մի երկում պահպանված Ա–ի պատմությունը։ Երկրորդը՝ Մինաս Բժշկյանն է, որ գրել է «ճանապարհորդութիւն ի Լեհաստան․..» (1830)։ Նա ընդարձակ տեղեկություններ է տվել Հայոց մայրաքաղաքի մասին, վերծանել է վիմական արձանագրություններ, անդրադարձել լեհահայերի՝ Ա–ից գաղթած լինելուն։ Այնուհետև լույս են տեսել նոր աշխատություններ. ակադեմիկոս Ֆ. Բրոսսեի ֆրանսերեն լեզվով՝ «Les ruines d‘ Ani...» (q. 1–2, 1860–1861)։ Ղ. Ալիշանի «Շիրակ» (1881) մեծածավալ գրքի գլխավոր նյութը Ա. է։ XIX դ. հայ, ռուս և օտար գիտնականների, գրողների, ճարտարապետների և ճանապարհորդների, ինչպես օրինակ՝ Խ. Աբովյանի («Ուղևորություն դեպի Անիի ավերակները», ռուս., Երկ. լիակտ. ժող., հ. 7, 1956), Ն. Սարգսյանի, Մ. Էփրիկյանի, Կ. Կոստանյանի, Մուրավյովի, Կ. Լեոնտևի, Քեր Փորթերի, Հ. Աբիխի, Պ. Գրիմմի, Տեքսիեի, Հ. Լինչի և շատ ուրիշների գործերում Ա–ին հատկացված է պատշաճ տեղ։ Սակայն քաղաքի իսկական և երկարատև գիտական ուսումնասիրությունը կապված է Ն. Մառի և նրա մշտական գործակիցներ՝ ճարտարապետ Թ. Թորամանյանի ու Մառի աշակերտ Հ. Օրբելու անունների հետ։ Ա. դարձավ Մառի գիտական աշխատությունների հիմնական նյութը։

Ա–ի պեղումներին մասնակցել են Ն. Ադոնցը, ճարտարապետ Ն. Բունիաթյանը, հնագետ Ա. Քալանթարը, ակադեմիկոս Գ. Ղափանցյանը, նկարիչ Տարագրոսը, ակադեմիկոս Յ. Սմիռնովը, ճարտարապետ Ն. Տոկարսկին։ Մառի լուսանկարիչն էր Արամ Վրույրը իր երկու որդիների հետ (Արա և Արտաշես)։ Ն. Մառի պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները, բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներն ու մատուռները, մեծատունների շքեղ ապարանքների մնացորդները, արհեստավորների գործատները, հասարակ ժողովրդի հյուղակները ևն։

Պեղումների ժամանակ բացվեցին 1892-ին՝ Բախտաղեկի, 1893-ին՝ Հոռոմ իշխանուհու և Խամբուշենց տոհմական եկեղեցիները, 1904-ին՝ քաղաքի չքավորական թաղամասերը և Ա–ի գլխավոր փողոցի մի մասը, 1905–06-ին՝ զվարթնոցատիպ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) տաճարը, 1907–08-ին՝ միջնաբերդի պալատական շինությունները, 1909-ին՝ Առաքելոց եկեղեցու շրջապատը, 1909–11-ին՝ քաղաքի փողոցները։ 1910-ին ուսումնասիրվեցին «Սմբատաշեն» պարիսպները, 1913-ին պատճենահանվեցին որմնանկարները, 1914–17-ին հետազոտվեցին քարայրերը, բնակելի տներ և ուրիշ հուշարձաններ։ Հայտնաբերվեցին հնագիտական հազարավոր առարկաներ՝ աշխատանքային գործիքներ, մետաղե, ապակե և խեցեղեն իրեր, զենք, զրահ, դրամներ, բազմաթիվ քանդակազարդ բեկորներ։ Քաղաքի մի քանի միջնադարյան շենքեր վերածվեցին հնադարանի, թանգարանի (Մանուչեի մզկիթ, Փրկչի եկեղեցի), կառուցվեց թանգարանի նոր շենք։ Ն. Մառը Ա. դարձրեց Հայաստանի հնագիտական ուսումնասիրության կենտրոն։ Պեղումների տարեկան հաշվետվություններից բացի առանձին հրատարակվեցին «Անվո շարք» և «Անվո հնություններ» մատենաշարերը։ Ա–ի պեղումների վերաբերյալ Ն. Մառի ամբողջական աշխատությունը լույս տեսավ 1934-ին։ 1910-ին Ն. Մառը հարց բարձրացրեց Ա–ում գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին, որը երկար պայքարից հետո հաջողությամբ լուծվեց 1917-ի ամռանը։ Ինստիտուտի նյութա–գիտական հիմք ստեղծելու նպատակով Ն. Մառը Պետրոգրադից Թիֆլիս ուղարկեց Ա–ի արխիվը՝ հնագիտական հաշվետվություններ, օրագրեր, լուսանկարներ, որոնք առաջին համաշխարհային պատերազմի խառնակ ժամանակ ճանապարհին կորան։ 1918-ին Ա. դարձավ ռազմաբեմ, թուրքերը գրավեցին այն, հուշարձանների մի մասը վերածվեց ավերակների։ Թուրք զորքերի քաղաք մտնելու միջոցին հնագետ Ա. Քալանթարը, մի քանի լոռեցի զինվորների հետ, Ա–ի թանգարանային առարկաների մի մասը կարողացավ փրկել (ներկայումս դրանք պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում)։ Ա–ի ուսումնասիրությանն են նվիրել իրենց աշխատությունները նաև ճարտարապետներ Հ. Խալփախչյանը, Ն. Տոկարսկին, Վ. Հարությունյանը, արվեստագետ Ա. Յակոբսոնը, պատմաբաններ Լեոն, Բ. Առաքելյանը, Վ. Աբրահամյանը և ուրիշներ։

Հայ սովետական ճարտարապետությունը Ա–ի շինարվեստի ձևերն ու քանդակների օրինակները մեծ չափով օգտագործում է հարստացնելու ազգային ոճը։ Այդ բնագավառում մեծ վաստակ ունեն ճարտարապետ Ա. Թամանյանը և նրա հետևորդներ՝ Ս. Սաֆարյանը, Հ. Մարգարյանը, Մ. Գրիգորյանը, Ռ. Իսրայելյանը և ուրիշներ։ 1968-ին Լենինականում կառուցվեց հուշասյուն–զբոսայգի՝ նվիրված Ա–ի հիմնադրման 1000-ամյակին։

Ա–ի հերոսական պատմությունը, նրա դժբախտ ճակատագիրը ներշնչանքի աղբյուր են եղել հայ գրողների համար։ Ա–ին նվիրված գրական գործերից են Ա. Արարատյանի «Անի քաղաք նստեր կուլա», Ռ. Պատկանյանի «Անիի առումը» (1883), Ա. Իսահակյանի «Անի» (1926), Բ. Այվազյանի «Անիի կործանումը» («Անին ծախվեցավ», 1905), Լ. Շանթի «Շղթայվածը» (1918), Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (1938)։

Գրկ. Պալաքյան Գ., Նկարագրություն Անիի ավերակներուն, ԿՊ, 1910։ Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության [հ.] 1–2, Ե., 1942–48։ Նույնի, Նամակներ, Ե., 1968։ Լեո, Անի, Ե., 1963։ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964։ Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964։ Վրույր Ա., Անիում, Ե., 1964։ Դիվան հայ վիմագրության, պր. 1, Անի քաղաք, կազմեց Հ. Ա. Օրբելի, Ե., 1966։ Марр Н. Я., Ани, Книжная история города и раскопки на месте городища, Л.-М., 1939; Арутюнян В. М. и Сафарян С. А., Памятники армянского зодчества, М., 1951; Токарский Н. М., Архитектура Армении IV-XIV вв., Е., 1961; Орбели И. А., Избранные труды, Е., 1963; Strzygovski J., Die Baukunst der Armenier und Europa... t. 1-2, Wien, 1918. Կ. Ղաֆադարյան