ՀՍՀ/ԱՆԻԻ ԿԱՄՈՒՐՋ
ԱՆԻԻ ԿԱՄՈՒՐՋ, կառուցվել է X–XI դարերում, Ախուրյանի վրա։ Մանուչեի մզկիթի և Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից։ Պահպանված մնացորդների (հենարանները գետի աջ և ձախ ափերին) հիման վրա Թ. Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31.25 մ հենամիջային չափերով կամարը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական։ Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող աշտարակային ծավալներում ամփոփված էին դարպասներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր քաղաքի պաշտպանության շահերին։
Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 1], Ե., 1942։ Հարությունյան Վ. Մ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960։ Орбели И., Путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 41.
(նկ․) Անիի կամուրջը (վերակազմություն Թ. Թորամանյանի)։
