Jump to content

ՀՍՀ/ԱՆԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐ 1043–45, 1126, 1236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐ 1043–45, 1126, 1236, օտար թշնամիների դեմ տնեցիների մղած կռիվները։ 1043-ին բյուզանդական կայսր Մոնոմախը Գագիկ Բ–ից պահանջեց կատարել Տրապիզոնի համաձայնագիրը (1022) և Անին անձնել Բյուզանդիային։ Մերժում ստանալով, բյուգանդական զորքը 1043-ի սկզբին շարժվեց դեպի Անի, բայց Գագիկ Բ և Վահրամ Պահլավունին, կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը՝ ծանր պարտության մատնելով թշնամուն։ Նույն թվականին բյուզանդացիները կրկնեցին իրենց հարձակումները, բայց նորից պարտվեցին։ Գագիկ Բ–ին խաբեությամբ Կ. Պոլիս տանելուց հետո, 1044-ի աշնանը, Բյուզանդիան մեծ բանակով հարձակվեց Անիի վրա։ Հայոց զորքերը Վահրամ Պահլավանու գլխավորությամբ պաշտպանեցին Ա.։ Սակայն, հակառակորդին ի վերջո հաջողվեց 1044-ին խաբեությամբ գրավել քաղաքը։

1126-ին անեցիները մեկ ամբողջ տարի պատերազմեցին Շեդդադյան Փատլուն ամիրայի դեմ։ Նրանց օգնում էին վրացիները։ Պաշարված Անիում սով սկսվեց, բայց ժողովուրդը շարունակեց հերոսաբար դիմադրել։ Հատկապես աչքի ընկավ ռամիկ կին Այծյամն Անեցին, որը արհամարհելով մահվան վտանգը, վիրավոր վիճակում, նետերի տարափի տակ բերդապարիսպներից պարսատիկով քարեր էր նետում թշնամու վրա։

1236-ին Անին պաշարվեց մոնղոլ զորավար Չարմաղանի կողմից, որը աեցիներից պահանջեց անձնատուր լինել։ Հայերը մերժեցին թշնամու առաջարկը և դիմադրություն կազմակերպեցին։ Միայն գերակշիռ ուժերի շնորհիվ թշնամին կարողացավ գրավել քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսնել բնակչության հետ։

Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակսւգրութիւն, Վաղ–պատ, 1898, էջ 96–97։ Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ–պատ, 1893, էջ 125–127։ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961, էջ 258–59։ Լ. Բաբայան