ՀՍՀ/ԱՆԻԻ ՊԱՐՈՆԻ ՊԱԼԱՏ
ԱՆԻԻ ՊԱՐՈՆԻ ՊԱԼԱՏ, միջնադարի ճարտարապետական հուշարձան, պայմանականորեն այսպես է կոչվել Անիի հյուսիս–արևմտյան կողմում, «Սմբատաշեն» պարիսպներից ոչ հեռու, Ծաղկոցաձորի ու Իգաձորի միացման տեղում գտնվող զառիթափի մոտ կառուցված քաղաքացիական շենքը։ Կառուցման ժամանակը համարվում է XII–XIII դդ.։ Ստույգ պարզված չէ, թե ինչ նպատակի է ծառայել։ Ենթադրվում է, որ պատկանել է որևէ իշխանի կամ պարոնի։ Պալատը քաղաքի կողմից երկհարկանի էր, իսկ Ծաղկոցաձորի կողմից՝ եռահարկ։ Կիսով չափ գետնի մեջ թաղված ու ենթադրաբար տնտեսական նպատակների համար օգտագործված առաջին հարկը թաղածածկ էր։ Մնացած ծածկերը, դատելով պատերի մեջ պահպանված բներից, ունեցել են Փայտե հեծաններ։ Անկանոն պարագիծ ունեցող հատակագծային հորինվածքի կենտրոնում տեղավորված էր քառակուսի (10 մ × 10 մ) և հավանաբար գմբեթածածկ սրահը, որի շուրջը համախմբված էին մեծ ու փոքր սենյակներ։ Հարկերը միմյանց հաղորդակցվել են, ըստ երևույթին, շարժական սանդուղքներով, որոնց համար թաղածածկի մեջ բացված է եղել (հետագայում՝ փակված) հատուկ
(նկ․) Անիի Պարոնի պալատը։ Ձախից՝ տեսքը Իգաձորից։ Աջից՝ Կրկնահարկ շքամուտքը։ անցք։ Պատերը գերազանցապես խուլ են, ներսից և դրսից՝ սրբատաշ։ Առավել հետաքրքիր լուծված քաղաքի կողմն ուղղված նեղճակատը՝ կրկնահարկ շքամուտքերով, յուրաքանչյուր հարկի պատի հարթությունը երիզված է լայն ու գեղեցիկ երեսակալներով, որոնք շրջանակում են վարդագույն ութթև աստղերով ու սև խաչերով քանդակազարդված (առաջին հարկ) և «շախմատաձև» դասավորված (երկրորդ հարկ) քարերով շարվածքը։ Այդ ժամանակաշրջանի Անիի աշխարհիկ ճարտարապետության ոճին հատուկ այս մոտիվը հանդիպում է նաև քաղաքի հյուրանոցի կամ վաճառատան շենքում։
Գրկ. Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964, էջ 72–73։ Орбели И. А., Избранные труды, Е., 1963, с. 122–23.
