ՀՍՀ/ԱՆԻԼԻՆ
ԱՆԻԼԻՆ, ամինաբենզոլ, ֆենիլամին, , պարզագույն արոմատիկ ամին։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -6,1°C, եռմանը՝ 184,4°C։ Լավ է լուծվում օրգ. լուծիչներում, վատ՝ ջրում։ Առաջին անգամ ստացվել է ինդիգոն հանգած կրի առկայությամբ թորելիս (Օ. Ունֆերդորբեն, 1826)։ Ա. ռեակցունակ, կարևոր օրգ. նյութ է։ Ունի թույլ հիմնային հատկություն։ Անօրգանական թթուների հետ առաջացնում է աղեր, օրգ. թթուների հետ՝ անիլիդներ (տես նաև Ացետանիլիդ): Ա–ի ծծմբաթթվական աղից ստացվում է սուլֆանիլաթթու՝ ։ Ա–ի մեթիլացումից ստացվում են ներկանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարևոր ելանյութեր։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունի Ա–ի դիազոտացումը, որից ստացվում է ֆենիլդիազոնիումի քլորիդ։ Ա–ի օքսիդացումից առաջանում է տարածված անիլինային սևը, ինչպես նաև՝ մուգ կանաչ էմերալդինը, իսկ հիդրումից՝ ցիկլոհեքսիլամին: Ներկայումս Ա–ի ստացման հիմնական արդյունաբերական եղանակը նիտրոբենզոլի վերականգնումն է երկաթի տաշեղներով՝ աղաթթվի առկայությամբ.
Նիտրոբենզոլի վերականգնումը մինչև անիլին առաջին անգամ կատարել է Ն. Ն. Զինինը (1842)։ Ա. օգտագործվում է սուլֆամիդային դեղանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի, լուսանկարչական հայտածիչների ևն նյութերի ստացման համար։ Ա. թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա։ Օրգանիզմ է թափանցում ոչ միայն շնչառական ուղիներով, այլև մաշկի միջով։ Ա–ի թույլատրելի քանակն օդում 0,005 մգ/լ է։
