Jump to content

ՀՍՀ/ԱՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՆՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՆՐ (ֆրանս. animaliste, <լատ. animal – կենդանի, անասուն), կենդանիների պատկերումը կերպարվեստում։ Ա. ժ. բնագիտական և գեղարվեստական պատկերումների զուգորդմամբ նպաստում է մարդու դիտողականության զարգացմանը և առաջացնում սեր դեպի բնությունը։ Հեքիաթների, առակների նկարազարդումներում, այլաբանական և երգիծական պատկերներում կենդանին «մարդկայնացվում» է, օժտվում մարդկանց հատուկ արարքներով և ապրումներով։ Ոչ սակավ, Ա. ժ–ի խնդիրն է դառնում կենդանու ճշգրիտ պատկերումը (օր. գիտ.և գիտա՜հանրամատչելի գրականության նկարազարդումներում)։ Նկարիչ որսորդների սուր դիտողականության մասին են վկայում գազանների և թռչունների պատկերումները նախնադարյան արվեստում։ Կենդանիների վառ կերպով ոճավորված ֆիգուրներով հարուստ է Հին Արևելքի, Աֆրիկայի, Օվկիանիայի, հին Ամերիկայի արվեստը։ Կենդանիների պատկերներ հանդիպում են անտիկ քանդակագործության, սափորանկարչաթյան, խճանկարչության նմուշներում։ Միջին դարերում Եվրոպայում տարածում գտան կենդանիների և թռչունների այլաբանական և բանահյուսական, հեքիաթային կերպարները։ Վերածննդի դարաշրջանում արվեստագետներն սկսեցին կենդանիներին պատկերել՝ դիմելով բնությանը (Պիզանելլո, Ա. Դյուրեր)։ Սակայն բուն անիմալիստական ժանրը (որ սերտորեն կապված է բնանկարի, նատյուրմորտի, կենցաղային ժանրի հետ) հանդես եկավ Չինաստանում (VIII–XIII դդ.), Եվրոպայում (XVII դ.)։ Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներն ու հնագույն որմնաքանդակները հարուստ են կենդանիների պատկերներով, որոնք հաճախ ոճավորված են, երբեմն ունեն խորհրդանշային կամ այլաբանական բնույթ։ Այդպիսիք են նաև Վիշապները։ Միջին դարերում կենդանական մոտիվները մուտք են գործել ձեռագրերի ձևավորման բնագավառ (թռչնագրեր, կենդանազարդեր), տեղ գտել պալատների որմնանկարներում, նույնիսկ եկեղեցիների, տապանաքարերի հարդարանքում (Աղցի դամբարան, Աղթամարի Ս. Խաչ տաճար ևն)։ Սովետական անիմալիստների գործերը առանձնանում են կենդանական աշխարհի նուրբ իմացությամբ, կերպարների դեկորատիվ արտահայտչականությամբ (Վ. Ա. Վատագին, Ի. Ս. Եֆիմով, Ե. Ի. Չարուշին, Ի. Գ. Ֆրիխ–Խար, Ա. Ստարկոպֆ և ուրիշներ)։ Հայ կերպարվեստագետներից անիմալիստական բազմաթիվ գործեր են ստեղծել քանդակագործ Հ. Գյուրջյանը և գրաֆիկ Վ. Այվազյանը։

Գրկ. Ватагин В. А., Изображение животного, М., 1967; Piper R., Das Tier in der Kunst, München, 1922։

(նկ․) 1. Հովազի ժայռապատկեր։ քՈղտասսւր, ՀՍՍՀ։ Մ. թ. ա. V–IV հազարամյակ։ 2. Բիզոնի բազմագույն պատկեր ֆոն դը Գոմ քարանձավում։ Ֆրանսիա։ Հին քարի դար։ 3. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու բարձրաքանդակներից։ X դ.։ 4. Գունավոր ժայռապատկերներ Ալժիրի հարավում։ Նոր քարի դար։ 5. Ա. Վ. Վատագին։ «Արջ»։ 1956։ 6. Հ. Գյուրջյան։ «Աղվես»։ Գրանիտ։ 1934։ Հայաստանի պետական պատկերասրահ։