ՀՍՀ/ԱՆԻՊԵՄԶԱ
ԱՆԻՊԵՄԶԱ, քաղաքատիպ ավան (1938) Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին։ 710 բնակիչ (1972), հայեր։ Երկաթուղահատվածով կապված է Երևան–Լենինական մայրուղու հետ։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով՝ պեմզայով, տուֆով, բազալտով (տես Անիպեմզայի տուֆի հանքավայր)։ Շինանյութերն արդյունահանվում և վերամշակվում են «Անիպեմզա» կոմբինատում (հիմնադրվել է 1926-ին)։ Տարեկան արդյունահանվում է 800–850 հզ. մ³ պեմզա, 40–45 հզ. մ³ տուֆ քար, արտադրվում է մինչև 13,5 հզ. տ անդեզիտային ալյուր։ Արդյունահանվող պեմզայի մեծ մասն առաքվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններ։ Կառուցվում են պեմզա ջարդող–տեսակավորող գործարան՝ տարեկան 1 մլն. մ³ և թթվակայուն անդեզիտի ալյուրի ցեխ՝ տարեկան 70 հզ. տ արտադրողականությամբ։ Նախասովետական Ա. անշուք գյուղական բնակավայր Էր։ Այժմ կառուցապատվել Է նոր բնակելի շենքերով, ունի կուլտուր–լուսավորակսւն հիմնարկներ։ Ա–ում գործում են միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, հիվանդանոց։ Ա–ում հայտնաբերված է զարգացած երկաթի դարի դամբանադաշտ, որի պեղումների ժամանակ գտնվել են զենքեր, զարդեր ևն (մ. թ. ա. II հազարամյակի վերջ – I սկիզբ)։ Արժեքավոր է եգիպ. մածուկից պատրաստված առյուծի փոքր արձանը։ Ա–ի մոտ է Երերույքի տաճարը (V դ.)։
(նկ․) Պեմզայի արդյունահանումը Անիպեմզայում։
