Jump to content

ՀՍՀ/ԱՆԻՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԻՎ (նաև՝ ակ), լինում է շրջանաձև ու տափակ, զանգվածային կամ ճառագայթաձև ճաղերով, պտտվում է իր առանցքի շուրջը՝ միշտ իրեն ուղղահայաց սռնու հետ միասին կամ չպտտվող սռնու վրա։ Օգտագործվում է սայլեր, ավտոմեքենաներ, վագոններ շարժելու կամ մեխանիկական այլ աշխատանքներ կատարելու համար։ Սայլանիվի մասին առաջին վկայությունները (ժայռապատկերներ, պեղածոներ) վերաբերում են դեռևս մ. թ. ա. V–IV հազարամյակներին (Միջագետք, Փոքր Ասիա, Հնդկաստան, Հայաստան)։ Ա–ի նախատիպը համարվում է փոխադրվող բեռների տակ դրվող թավալուկը կամ գլան–ծառաբունը, որի միջնամասը աստիճանաբար բարակացնելով ու կատարելագործելով ստեղծեցին սկզբում՝ զանգվածեղ սռնանիվը, իսկ հետագայում՝ ճաղավոր՝ առավել թեթև Ա.։ Զանգվածեղ Ա. պատրաստել են 1–3 և ավելի փայտակտորից։ Ամենատարածվածն ու դիմացկունը եռակտոր Ա. Էր, որը Հայաստանում պահպանվեց մինչև XX դ. սկիզբը։ Հնագույն ժամանակներից սկսած՝ Ա–ի՝ գետնին հպվող շերտը, չմաշվելու նպատակով, պատել են կաշեփոկով, պղնձե կամ բրոնզե, իսկ ավելի ուշ շրջանում՝ նաև երկաթե դողով։ Զանգվածեղ Ա. իր քառակուսի անցքով ագուցվում էր սռնու քառակուսի ծայրերին (ականոց), և Ա. ու սռնին պտտվում էին միասին։ Առնանիվի այս նույն սկզբունքը կիրառվում է նաև ժամանակակից վագոնաշինության և այլ բնագավառներում։ Ճաղավոր սայլանիվի գաղափարը ծագել է զանգվածեղ Ա. աստիճանաբար թեթևացնելու և արագաշարժ դարձնելու պահանջից (մ. թ. ա. III հազարամյակ)։ Այն բաղկացած է փայտե անվադողից, ճաղերից և սռնակալից։ Ճաղավոր Ա. շրջափակված է միակտոր կամ բազմակտոր հեցով։ Հեցը կազմված է 4–6 կորացրած փայտերից, որոնք կոչվում են հևաններ։ Հեցը սռնակալի հետ միանում է շառավիղ–ճաղերով և պտտվում անշարժ սռնու վրա։

Դեռևս հնագույն ժամանակներում Ա. օգտագործվում էր իբրև զանազան մեքենաների ու սարքերի շարժիչ (ձեռքի կամ ոտքի բրուտագործական հաստոց, երկանք, ջրաղաց, հողմաղաց, ձիթհան, գութան, ճախարակ ևն)։ Հին Արևելքում, Հունաստանում, Հռոմում, Հայաստանում կիրառվում էին ջրանիվներ, որոնք ջրի շարժման կինետիկ Էներգիան փոխակերպում էին մեխանիկական Էներգիայի։ Մանուֆակտուրային արդյունաբերության ժամանակաշրջանում ևս կիրառվող հիմնական շարժիչը ջրանիվն Էր։շ

Ժամանակակից խոշոր հիդրոէլեկտրակայանների համար կառուցվում են հզոր տուրբիններ, որոնք աշխատում են ջրանիվի սկզբունքով։ Քամանիվը կատարելագործվել և վերափոխվել է ժամանակակից օդապտուտակի։ Ներկայումս մեքենաշինության, հաստոցաշինության և այլ բնագավառներում լայնորեն կիրառվում են լիսեռների պտույտների թիվն ավելացնող կամ նվազեցնող բազմապիսի Ա–ներ (փոկանիվ, ատամնանիվ, որդնականիվ ևն)։

Գրկ. Պետրոսյան Լ. Ն., Էջեր Հայաստանի փոխադրամիջոցների պատմությունից, «ՊԲՀ», 1966, 3։ Լ. Պետրոսյան


1. Անվի կավե մոդել։ Շրեշ–բլուր (Էջմիածին)։ Մ. թ. ա. III հազարամյակ։ 2. Զանգվածային անվի կենտրոնական մաս։ Գետաշեն գյուղ (ՀՍՍՀ Մարտունու շրջան)։ 3. Զանգվածային անիվ։ Դսեղ գյուղ (ՀՍՍՀ Թումանյանի շրջան)։ 4. Անավարտ ճաղավոր անիվ։ Հին Բաշգյուղ (ՀՍՍՀ Կարմիրի շրջան)։