ՀՍՀ/ԱՆԻ–ԿԱՄԱԽ
ԱՆԻ–ԿԱՄԱԽ (այժմ՝ Քեմահ), հին ամրոց և հեթանոսական սրբատեղի Բարձր Հայքի Դարանաղի գավառում, Երզնկա քաղաքից հարավ–արևմուտք: Նույնացվում է Հայասա–Ազզի երկրի կենտրոն Կումախայի հետ։ Մ. թ.ա. IV–I դդ. Փոքր Հայքի կենտրոնն էր, հելլենիզմի շրջանում՝ հեթանոս հայերի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր վայրը։ Ա–ում կատարվել են նաև արքայական նախնիների պաշտամունքի ծեսեր։ I–IV դդ. հայ թագավորների գերեզմանոցն էր։ Եղել է մեհենական դպրության կենտրոն։ Ա–ում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը (մոտ 154–222)։ Քրիստոնեության մուտքից հետո Ա–ի մեհյանը ավերվել է, կալվածները տրվել են հայոց եկեղեցուն։ 369-ին պարսից Շապուհ Բ արքան գրավել և ավերել է բերդը՝ գերեզմանոցից հափշտակելով Հայոց թագավորների ոսկորները (տես Աղց): IV–XI դդ. եղել է բյուգանդական ամրոց։ 1515-ին գրավել են թուրքերը։ Ամրոցը պատված էր հզոր պարիսպներով, որոնց մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ուներ երեք դուռ և սանդղաձև ելք։ Ներսում մնացել են բազմաթիվ շինությունների, այդ թվում՝ նաև եկեղեցիների հետքեր։ Ամրոցի հյուսիսային կողմում, լեռան մեջ, փորված է դեպի բարձր աշտարակը տանող ճանապարհ, որն ունի ոլորապտույտ աստիճաններ, բնական և արհեստական լուսամուտներ։
