Jump to content

ՀՍՀ/ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ 1776

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ 1776, Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված դեկլարացիա, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Ա. դ. կազմված էր XVIII դ. ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թ. Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Ա. դ. հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը ևն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով դեկլարացիայի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։ Ա. դ–ի հաստատված տարբերակը համապատասխանում էր բուրժուազիայի և ստրկատերերի դասակարգային շահերին։ Չնայած դրան, Ա. դ. իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոխության և ազգային–ազատագրական շարժման վրա Լատինական Ամերիկայում։ Կ. Մարքսը Ա. դ. անվանել է «մարդու իրավունքների առաջին դեկլարացիան»։ Տես նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775-83։