Jump to content

ՀՍՀ/Անկշռություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՀՍՀ/ԱՆԿՇՌՈՒԹՅՈՒՆից)

ԱՆԿՇՌՈՒԹՅՈՒՆ, մեխանիկական համակարգի վիճակ, երբ համակարգի մասնիկները արտաքին ուժերի ազդեցությաև տակ միմյանց վրա ճնշում չեն գործադրում։ Եթե Երկրի ձգողական դաշտում հորիզոնական հարթության վրա հաևգստի վիճակում գտնվող մարմնի վրա ազդում են միմյանց հակառակ ուղղված ծանրության և հարթության ռեակցիայի ուժերը, ապա առաջանում է մարմնի մասնիկների փոխադարձ ճնշում։ Մարդկային օրգանիզմև այդ ճնշումներն ընկալում է որպես «կշռի» զգայություն։ Նման վիճակ է ստեղծվում ուղղաձիգ դեպի վար a≠g (g–ազատ անկման արագացում) արագացմամբ շարժվող վերելակում գտնվող մարմինների համար։ Իսկ երբ a = g, մարմինը (նրա բոլոր մասնիկները) և վերելակը ազատ անկում են կատարում և մեկը մյուսի վրա ոչ մի ճնշում չեն գործադրում, այսինքն գտնվում են Ա–յան մեջ։ Ա–յան վիճակում վերանում են «վեր», «վար» հասկացությունները։ Մարմինների փոխազդեցության ուժերը, որոնք երկրային պայմաններում փոխադարձ ճնշումների համեմատությամբ աննկատ են, Ա–յան վիճակում մեծ դեր են կատարում։ Այսպես, թրջման երևույթի շնորհիվ հեղուկը փակ անոթում հավասարաչափ բաշխվում է անոթի պատերին (առաջին փորձերը կատարվել են «Վոստոկ–3» և «Վոստոկ–4» տիեզերանավերում)։ Փորձերը ցույց են տվել, որ տիեզերանավում Ա–յան պայմաններում բացառվում է հրդեհի հնարավորությունը։

Ա–յան ինքնատիպ պայմանները պետք է հաշվի առնել հատկապես բնակելի տիեզերանավերում, ուր մարդու կյանքի պայմանները խիստ տարբերվում են երկրային սովորական պայմաններից։ Ա–յան վիճակում տիեզերագնացների մարմնի սովորական դիրքի խախտման և հենարանի վերացման հետևանքով տիեզերական թռիչքի սկզբնական շրջանում տեղի է ունենում հավասարակշռության և շարժողական հմտությունների խանգարում, որը, սակայն, շուտով վերանում է. տիեզերագնացը ձեռք է բերում վստահ շարժվելու և աշխատելու կարողություն։ Տիեզերական թռիչքի ժամանակ մարդը, թռիչքի տևողությունից կախված, կորցնում է սկզբնական քաշի 2–6%, ընկնում է նրա մկանային լարվածությունը, օրգանիզմից հեռանում է կալցիումը և պակասում է ոսկրերի ամրությունը ինչպես նաև շրջանառվող արյան ծավալը, նվազում է սրտի կծկումների հաճախականությունը, փոխվում են զարկերակային ճնշման մեծությունը, շնչառական շարժումները ևն։

Սակայն հիշյալ փոփոխությունները միայն Ա–յան հետևանք չեն, քանի որ նշված պայմաններում օրգանիզմի վրա միաժամանակ ազդում են նաև հիպոկինեզիան, մեկուսացումը, նյարդահուզական վիճակը, ճառագայթումը և այլ գործոններ (տես Տիեզերական բժշկագիտություն

Տիեզերական երկարատև թռիչքների ժամանակ Ա–յան վիճակում տիեզերագնացի կյանքի նորմալ պայմանները չխանգարելու համար նախատեսված է արհեստականորեն ստեղծել կշռի զգայություն, օրինակ՝ եթե տիեզերանավը համընթաց շարժման հետ նաև պտտվի իր առանցքի շուրջը, ապա կենտրոնախույս ուժերի հետևանքով առաջացած ռեակցիայի ուժը տիեզերագնացի մոտ կառաջացնի կշռի զգայություն։

Գրկ. Невесомость. Физ. явления и биол. эффекты, ред. сост. Э. Бенедикт, пер. с англ. М., 1964.