ՀՍՀ/ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ
ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, դեկադենտություն (ուշ. լատ. decadentia - անկում), իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական արվեսւհում տարածված անկումային հոսանքների ընդհանուր անունը։ Ա. ա–ի տեսական հիմքը սուբյեկտիվ իդեալիզմն է, «արվեստը արվեստի համար» տեսությունը, որ հասցվում է իր ծայրահեղ արտահայտությանը։ Գաղափարայնությանը, ժողովրդայնությանը, ռեալիզմին, դասական արվեստի սկզբունքներին Ա. ա. հակադրում է բուրժուական անհատապաշտությունը, սուբյեկտիվիստական կամայականությունը, միստիկան, հրաժարումը կյանքի ճանաչողությունից։ Ոչ սակավ Ա. ա. ստանում է բացահայտ հակադեմոկրատական և հակահումանիստական բնույթ, քարոզում է պատերազմի, ռասիզմի, անբարոյականության պաշտամունք։ Ա. ա–ի բազմաթիվ, հատկապես՝ արդի հոսանքներին բնորոշ է կերպարի ավերումը, գեղարվեստական ձևի խեղափոխումը (տես Ֆորմալիզմ)։
