Jump to content

ՀՍՀ/ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, բարոյական սկզբունք, որի հիմքում ընկած է անհատի բացարձակ իրավունքների, հասարակությունից և պետությունից նրա անկախության և ազատության ընդունումը։ Ա–յան ձևավորումը կապված է մասնավոր սեփականության և դասակարգային հարաբերությունների ծագման ու զարգացման հետ։ Ա. առավել ամբողջական տեսական հիմնավորում ստացավ բուրժուական փիլիսոփայության ու բարոյագիտության մեջ։ Եթե բուրժուական հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում Ա. դրական դեր խաղաց ֆեոդալիզմի ու եկեղեցու կապանքներից անհատի ազատագրման գործում (տես Հումանիզմ), ապա բուրժուական հասարակարգի հաղթանակից հետո դարձավ կապիտալիստական շահագործման գաղափարական արդարացման միջոց։ Ա. անհատին հակադրում է հասարակությանը, կոլեկտիվին, նրա շահերը վեր դասելով հասարակության շահերից, փորձում հիմնավորել, որ մարդու եսամոլական էությունը բոլոր ժամանակներում անփոփոխ է։ Հաղթահարելով Ա–յան մնացուկները, սոցիալիստական հասարակությունն ապահովում է անհատի և հասարակության շահերի ներդաշնակություն, պայմաններ ստեղծում մարդու անհատականության համակողմանի զարգացման համար։