Jump to content

ՀՍՀ/ԱՆՀՈՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՀՈՅ, Անհուեյ, նահանգ Չինաստանի արևելքում, Յանցզի գետի ստորին հոսանքում։ Տարած. 139,9 հզ. կմ² է, բն. 35 մլն. մարդ (1968)։ Կենտրոնը՝ Հեֆեյ։ Տերիտորիայի հյուսիսային մասը դաշտավայրային է, հարավայինը՝ բարձրադիր, լեռնային։ Կլիման մերձարևադարձային մուսոնային է, հունվարի միջին ջերմաստիճանը 0°C–ից 4°C է, հուլիսինը՝ 24°C–ից 28°C։ Տարեկան տեղումները՝ 600–1500 մմ։ Անտառազուրկ է՝ բերրի ալյուվիալ կարբոնատային հողերով։ Մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, կորեկ, ռամի, ծխախոտ, սոյա, բամբակենի, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Արդյունաբերության զարգացող ճյուղերն են լեռնահանքայինը և մետալուրգիականը։ Արդյունահանվում է քարածուխ (Հուայնան), երկաթ (Դանտու), պղինձ (Տունգուանշան), ֆոսֆորիտներ, ծծումբ ևն։ Ունի նավաշինության (Ուխու), գյուղատնտեսական մեքենաշինության և մետաղամշակության (Հեֆեյ, Բանբու), ալրաղաց, բրնձի մաքրման, յուղի, ծխախոտի, թեյի վերամշակման, բամբակե գործվածքեղենի ձեռնարկություններ։