Jump to content

ՀՍՀ/ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական կատեգորիաներ։ Մատերիալիստական դիալեկտիկայի ուսմունքի համաձայն, անհրաժեշտությունը բխում է երևույթների ներքին էությունից և նշում է նրանց օրենքը, կապն ու կաոուցվածքը։ Անհրաժեշտությունն այն է, ինչ որոշ պայմաններում անխուսափելիորեն պետք է կատարվի։ Պատահականությունն իր հիմքերն ունի ոչ թե տվյալ երևույթների էության, այլ տվյալ և այլ երևույթների փոխազդեցության մեջ. դա այն է, ինչ տվյալ պայմաններում կարող է առաջանալ կամ չառաջանալ, կարող է տեղի ունենալ տվյալ կամ այլ ձևով։ Ե՛վ անհրաժեշտությունը, և՛ պատահականությունն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները, սակայն առաջին դեպքում պատճառը գտնվում է երևույթների ներքին, էական կապակցության մեջ, մինչդեռ երկրորդ դեպքում պատճառը գտնվում է երևույթների արտաքին կապակցությունների ոլորտում։ Ա. և պ–յան փոխհարաբերության դիալեկտիկական մատերիալիստական ըմբռնումը հակադրվում է երկու տեսակետների, որոնցից մեկը ժխտում է անհրաժեշտությունը և ամեն ինչ հանգեցնում է պատահականությանը, իսկ մյուսը, ընդհակառակն, պատահականությունն է հանգեցնում անհրաժեշտությանը։ Մետաֆիզիկական այդ երկու ծայրահեղությունները, իդեալիզմի դիրքերից, առաջին անգամ հաղթահարեց Հեգելը, սակայն միայն դիալեկտիկական մատերիալիզմը բացահայտեց Ա. և պ–յան փոխհարաբերությունն ու էությունը։

Ըստ մարքսիստական փիլիսոփայության, ցանկացած պրոցեսում միշտ առկա են էական (անհրաժեշտ) և ոչ էական (պատահական) հատկություններ։ Դրա համար Ա. և պ. դիալեկտիկորեն փոխկապված են և միմյանցից անկախ գոյություն չունեն։ Չկա մաքուր անհրաժեշտություն, ոչ էլ մաքուր աատահանանություն։ Անհրաժեշտությունը սովորաբար դրսևորվում է պատահականությունների մեջ ու նրանց միջոցով, իսկ պատահականը հանդես է գալիս իբրև անհրաժեշտության դրսևորմաև ձև և լրացում։

Ա. և պ–յան փոխհարաբերության դիալեկտիկական մատերիալիստական ըմբռնումը սերտորեն կապված է ժամանակակից գիտության կողմից մասսայական պատահարների և մասնավորապես վիճակագրական ու դինամիկական օրինաչափությունների ուսումնասիրության հետ։ Ա. և պ–յան էության բացահայտման համար կարևոր են օրենք, էություն, պատճառականություն կատեգորիաները։

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969։ Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, գլուխ 3, Երկ., հ. 14։ Մելիքյան Մ. Ա., Անհրաժեշտություն և պատահականություն, «Մատերիալիստական դիալեկտիկայի կատեգորիաները» (հոդվածների ժողովածու), Ե., 1960։ Гегель, соч., т. 1, М.-Л., 1929 (отдел 2 )։ Նույնի, Соч., т. 5, М., 1937 (отдел 3, гл. 3 ); Бом Д., Причинность и случайность в современной физике, пер. с англ., М., 1959. Հ. Շաքարյան