ՀՍՀ/ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԴՅՈՒՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԴՅՈՒՆՔ, կենսամիջոցների ամբողջություն, որ բավարարում է նյութական արտադրության աշխատողների և նրանց ընտանիքի կենսական պահանջմունքները։ Կապիտալիստական հասարակարգում Ա. ա. դրսևորվում է աշխատավարձի ձևով, որի մեծությունը որոշվում է աշխատուժ–ապրանքի արժեքի օրենքով և այդ ապրանքի առք ու վաճառքի շուկայական կոնկրետ պայմաններով։
Սոցիալիզմի պայմաններում ընդլայնվում են Ա. ա–ի սահմանները։ Ա. ա. արտադրվում և օգտագործվում է անհատի, նրա ֆիզիկական ու հոգևոր կարողությունների բազմակողմանի զարգացման համար։ Ա. ա. արտահայտվում է բանվոր–ծառայողների աշխատավարձի, գյուղատնտեսական կոոպերատիվների աշխատողների դրամական ու բնամթերային եկամուտների, ինչպես նաև սպառման հասարակական ֆոնդերից և աձնական օժանդակ տնտեսություններից ստացվող եկամուտների ձևով։
