Jump to content

ՀՍՀ/ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ (մաթ.), տվյալ պնդման իրավացիության անհրաժեշտ պայմաններ կոչվում են այն պայմանները, որոնց խախտման դեպքում պնդումը սխալ է, իսկ պնդման իրավացիության բավարար պայմաններ կոչվում են այն պայմանները, որոնց առկայությամբ պնդումը ճիշտ է։ Օր. բնական թվի վերջին թվանշանի 7 չլինելը այդ թիվը 5-ի բաժանվելու անհրաժեշտ պայման է (7-ով վերջացող բնական թվերը չեն բաժանվում 5-ի), բայց բավարար պայման չէ (օր. 33-ը չի վերջանում 7-ով և չի բաժանվում 5-ի)։ Տված թիվը 5-ի բաժանվելու բավարար պայման է այդ թվի վերջին թվանշանի 0 լինելը։ Նշված պայմանն անհրաժեշտ պայման չէ (օր. 35-ը 0-ով չի վերջանում, բայց բաժանվում է 5-ի)։ Որպեսզի թիվը բաժանվի 5-ի, անհրաժեշտ է և բավարար, որ թվի վերջին թվանշանը լինի 0 կամ 5։ Հաճախ «անհրաժեշտ է և բավարար» և «այն և միայն այն դեպքում» արտահայտությունները գործածվում են նույն իմաստով։