ՀՍՀ/ԱՆՁԵՎԱՑԻՆԵՐ
ԱՆՁԵՎԱՑԻՆԵՐ, Անձավացիներ, նախարարական տոհմ Հին Հայաստանի համանուն գավառում։ Ըստ Մ. Խորենացու, Ա. նախարարությունը հաստատել Է Հայոց ավանդական Վաղարշակ թագավորը։ Ըստ Ղ. Ինճիճյանի, նախարարությունը իր անունն ստացել է Անձևացիք գավառից։ Ա. ունեն, հավանաբար, ուրարտական ծագում։ Հայաստանի հոգևոր և քաղաքական կյանքում մեծ դեր ուներ այս տոհմը։ IV դ. Գրիգոր Լուսավորչին համագործակցում էր Անձևացի մի իշխան՝ կռվելով Արձան քրմապետի դեմ։ Գահնամակում կարևոր տեղ է հատկացված Ա. նախարարությանը, որն ուներ 2 ճյուղ և հայ զորքին տալիս էր 500 զինվոր։ Պապ թագավորի հավատարիմ զինակիցներից էր Գնել Անձևացին։ Ա. մասնակցել են 451–484-ի ազատագրական շարժումներին՝ զորավիգելով հայրենասեր աժերին։ Ղևոնդ պատմիչը VIII դ. կեսերին հիշում է նշանավոր զորավար, հայ իշխան Տաճատ Անձևացուն (մահ. 784-ին)։ IX–X դդ. Թովմա Արծրունին Ա–ին հիշում է որպես հայրենիքի հավատարիմ պաշտպանների, որոնք ետ են վանել մահմեդական տիրողների հարձակումները։ IX դ. վերջից Ա–ի տոհմը, որ առանձին իշխանություն Էր, ենթարկվեց Արծրունիներին՝ պահպանելով կիսանկախ վիճակը:
Գրկ. Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Ոսկյան Հ․, Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վնն., 1955։
