Jump to content

ՀՍՀ/ԱՆՁԻՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՁԻՆՔ, հայերեն ոտանավորի տեսակ, որի տների կամ տողերի սկզբնատառերը հաջորդաբար ներկայացնում են հայկական այբուբենը՝ Ա–Ք և հակառակը՝ Ք–Ա։ Ծագել է Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի (615–628) Հռիփսիմեանց «Անձինք նուիրեալք» շարականի առաջին բառից։ Միջնադարում այս տեսակ շարականներ և հոգևոր երգեր հորինել են Ներսես Շնորհալին («Աստված անեղ», «Այսօր անճառ» ևն), Մխիթար Գոշը («Արեգականն արդարութեան», «Ամենօրհնեալ դուստր Դավիթ արքային» են), Հովհաննես Երզնկացին («Անձինք Ս. Գրիգորի Լուսավորչին») և ուրիշներ։ Հետագայում հորինվել են նաև ոչ կրոնական թեմաներով (Առաքել Սյունեցի, «Անձինք ի Նարեկացւոյն»)։ Աշուղական գրականության զարգացման շրջանում (XVI–XVIII դդ.) նման ոտանավորները թուրք–պարսկական հորջորջմամբ կոչվել են Ալիփլամա (Այբբենական)։ Այդպիսի ոտանավորների լավագույն հեղինակներից է Սայաթ–Նովան։ Միջնադարում նման ոտանավորներ հորինվել են նաև Եվրոպայում, որոնք կոչվել են Աբեցեդարի։