Jump to content

ՀՍՀ/ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում և մշակում է մարդու առողջության պահպանման և ամրապնդման խնդիրները՝ կապված անհատի անձնական կյանքի և կենցաղի ռեժիմի հետ։ Ա. հ–ի կոպիտ և մշտական խախտումները կարող են անդրադառնալ անհատի և կոլեկտիվի առողջական վիճակի և աշխատունակության վրա։

Ա. հ–ին է վերաբերում մարդու մաշկի, եղունգների, մազերի, ինչպես նաև բերանի խոռոչի, ատամների խնամքը, պայքարը գերքրտնարտադրության դեմ։ Ա. հ–ի մեջ են մտնում՝ անհատի սննդի ռեժիմը, սննդանյութերի ընդունման համապատասխան բաժանումը (տես Սնունդ), ակտիվ հանգստի կազմակերպումը (զբոսանք, խաղեր, հետիոտն հեռավոր ճանապարհորդություններ), օրգանիզմի ֆիզիկա– կան կոփումը (առավոտյան լիցքային վարժություններ, ջրաշփումներ, սպորտով զբաղվել, արևային կամ օդային լոգանքներ, լող ևն), քնի ռեժիմը, ննջարանի օդափոխումը, հագուստի և կոշիկների խնամքը (սպիտակեղեն, ամառային և ձմեռային գուլպաներ, գլխարկ, ձեռնոցներ, աշխատանքային համազգեստ, վերջինիս կրելու ձևը, ժամանակը և տևողությունը)։ Ա. հ–ին են վերաբերում նաև ցրտահարության, արևահարության, ջերմահարության, գերհոգնածության հարցերը։ Մ. Խաչատրյան