ՀՍՀ/ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ակամա միզարձակություն միզելու ցանկության բացակայության դեպքում։ Պատճառներն են՝ միզային ուղիների վնասումը, նրանց ոչ բնականոն անատոմիական կառուցվածքը, միզապարկի ելքը փակող մկանային սեղմանի թուլացումը, շագանակագեղձի գերաճը, միզապարկի լորձաթաղանթի բորբոքումները, ողնուղեղի վնասումները, ոդնուղեղաբորբը, ողնուղեղի սմքախտը ևն։ Բուժումը՝ պատճառի վերացում (երբեմն՝ վիրահատություն), հաճախ նկատվում է գիշերային Ա. (ակամա միզարձակություն քնած ժամանակ)։ 2–3 տարեկան երեխաների գիշերամիզությունը հիվանդագին չէ և մեծ մասամբ անցնում է չափահաս տարիքում։ 5–15 տարեկան երեխաները երբեմն տառապում են գիշերամիզությամբ (գլխուղեղի կեղևը անբավարար է կարգավորում միզարձակությունը)։ Գիշերամիզության կանխարգելումը և բուժումը պայմանավորված է երեխայի պայմանական ռեֆլեքսների մշակմամբ (երեխային որոշակի ժամերին գիշերանոթի վրա նստեցնել, չվախեցնել, չծաղրել)։ Կայուն գիշերամիզության բուժումը դեղորայքային է, որոշ դեպքերում կիրառվում է հիպնոս։
