ՀՍՀ/ԱՆՇԼՅՈՒՍ
ԱՆՇԼՅՈՒՍ (գերմ. Anschluβ – միացում), Ավստրիան զավթելու Գերմանիայի քաղաքականությունը։ Վարում էր գերմանական իմպերիալիզմը առաջին համաշխարհային պատերազմից հետո, հատկապես, երբ 1933-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Հիտլերյան Գերմանիան ԱՄՆ–ի, Անգլիայի և Ֆրանսիայի իմպերիալիստական շրջանների թողտվությամբ 1938-ի մարտին զավթեց Ավստրիան։ Ա–ին նպաստեց նաև տեղական հետադեմ ուժերի դավաճանությունը։ Միայն սովետական կառավարությունը վճռական բողոք հայտնեց (1938-ի մարտի 17-ի նոտան) Ա–ի դեմ և հանդես եկավ ագրեսորի նկատմամբ կոլեկտիվ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկություններով։ 1945-ի ապրիլին Ավստրիայի ազատագրմամբ վերականգնվեց նրա անկախությունը։ 1955-ի մայիսի 15-ին, Վիեննայում ստորագրված (ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա) անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման Պետական պայմանագրով Ա. արգելվում է։
