ՀՍՀ/ԱՆՈԹԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔ
ԱՆՈԹԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔ, անգիոմա (հուն. ανγετον – անոթ և ωμα – վերջավորություն՝ ուռուցքների անվանումներում), արյան կամ ավշային անոթներից առաջացող բարորակ ուռուցքներ։ Լինում են 3 տեսակի՝ մազանոթային կամ պարզ Ա. ու–ներ, որոնք մեծ մասամբ բնածին, նորագոյացած մազանոթների կուտակում են և արտահայտվում են մաշկի մուգ կարմրավուն կամ կապտավուն խալերի ձևով․ խոռոչային Ա. ու–ներ, որոնք կազմված են արյունով լցված, խոշոր խոռոչներից, առաջանում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, բերանի լորձաթաղանթում, լյարդում, գլխուղեղում․ ճյուղավորվող Ա. ու–ներ, որոնք ի հայտ են գալիս տարբեր օրգանների պարենքիմի մեջ ցրված, զարկերակային կամ երակային անոթների ոլորուն կծիկների ձևով։ Դեմքի վրա եղած Ա. ու–ները առանձին դեպքերում կարող են առաջ բերել այլանդակություն, որը վերացվում է վիրաբուժական միջամտությամբ։
