Jump to content

ՀՍՀ/ԱՆՎԱՈՐԴԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՎԱՈՐԴԵՐ (Rotatoria), կլոր որդերի տիպի դասերից։ Անողնաշարավոր, մանր, երկսիմետրիկ օրգանիզմներ են։ Մարմինը (երկ. 0,04–2,5 մմ) որդանման կամ գնդաձև Է, կազմված երեք մասից, գլուխ, իրան, ոտք։ Մարմնի ծածկույթն արտադրում Է կուտիկուլա, որը հաստանալով հաճախ առաջացնում Է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում։ Հայտնի Է մոտ 1500 տեսակ։ Մարմնի գլխամասի ծայրում գտնվում Է թարթիչների բարդ համալիրից բաղկացած գայլիկոնային ապարատը, որը ծառայում Է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։ Նյարդային համակարգը կազմված Է վերկլանային հանգույցից և նրանից հեռացող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգերը բացակայում են։ Արտաթորման օրգանները զույգ են, պրոտոնեֆրիդային տիպի։ Ա. բաժանասեռ են, արուները մոտ 2 անգամ փոքր են Էգերից։ Ա. բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով և մտրակավորներով։ Ա. կեր են կենդանական պլանկտոնով սնվող ձկների համար։ Ա. Մինասյան