ՀՍՀ/ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ փիլիսոփայության մեջ, մատերիայի, նրա շարժման ու զարգացման, ժամանակի ու տարածության անսահմանափակությունն ու նրանց ճանաչման անսպառելիությունը բնութագրող հասկացություն։ Դասական կոսմոլոգիայում աշխարհի Ա. ըմբռնվել է որպես մատերիայի, տարածության ու ժամանակի միասեռ, միօրինակ մասերի անսահմանափակ գումար, ուստի, որպես վերջավորների պարզ համադրություն, հնարավոր է համարվել աշխարհի վերջավոր մասի օրինաչափությունները անվերջի վրա տարածելը։ Այս պատկերացման անհետևողականությունը բացահայտվեց կոսմոլոգիական պարադոքսների շնորհիվ, և այն հաղթահարվեց նորագույն ֆիզիկայում։ Պարզվեց, որ միկրոաշխարհում մատերիայի բաժանման Ա. պետք է դիտվի որպես նրա անվերջ փոխակերպումների հնարավորություն։ Հարաբերականության տեսությունը, կապ հաստատելով տարածա–ժամանակի կառուցվածքի և մատերիայի բաշխման օրինաչափությունների միջև, սահմանազատում է մտցնում Ա–յան և անսահմանափակաթյան միջև՝ առաջինը վերագրելով տարածա–ժամանակի ներքին կառուցվածքին, երկրորդը՝ նրա չափելիությանը։ Այս հիմքի վրա ստեղծված տիեզերքի տարբեր մոդելները պետք է դիտել ոչ թե նրա վերջավորության ապացույց, այլ տարածա–ժամանակի կառուցվածքի արտահայտման միջոցներ։
Իմացաբանական առումով Ա. աշխարհի ճանաչման պրոցեսի Ա․ է։ Մարդկային պրակտիկ գործունեությունն ընթանում է վերջավոր տիրույթում, սակայն իմացությունը, որքանով այն հավակնում է համընդհանուր և անհրաժեշտ լինելու, պարունակում է անվերջի տարր, ուստի այն անվերջի իմացություն է։ Մետաֆիզիկական տեսակետից Ա. ըմբռնվում է որպես «հոռի Ա.», որպես միատարր վերջավորների հանրագումար, նրանց պարզ կրկնություն։ Ուստի անհնարին է լինում բացատրել իմացության անցումը վերջավորից անվերջին, զգայականից տրամաբանականին, փաստականից տեսականին։ Դիալեկտիկական ըմբռնմամբ, թեև ամեն մի փաստական գիտելիք իր բովանդակությամբ վերաբերում է վերջավորին, կոնկրետին, սակայն իր ձևով, որպես գիտելիք ընդհանրապես, որպես ընդհանուր աշխարհըմբռնման մի մաս, օժտված է համընդհանուր և անհրաժեշտ բնույթով, ուստի և գիտելիք է անվերջի մասին։ Հետևաբար իմացությունը վերջավորի և անվերջի դիալեկտիկական հակասության հաղթահարման պատմական պրոցես է։
Տես նաև Ակտուալ անվերջության վերացարկում։
