Jump to content

ՀՍՀ/ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Միավորված ազգերի կազմակերպության մշտական գործող ղեկավար քաղաքական մարմին։ Պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Բաղկացած է 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից։ Մշտական անդամներն են՝ ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, ՉԺՀ։ Վերջինիս տեղը 1949-ի հոկտեմբերից մինչև 1971-ի նոյեմբերը ապօրինաբար զբաղեցնում էր Տայվանի Չինական Հանրապետության ներկայացուցիչը։ Ոչ մշտական անդամները ներկայացնում են հիմնական աշխարհագրական շրջանները (Ասիա, Աֆրիկա, Արևելյան Եվրոպա, Արևմտյան Եվրոպա, Լատինական Ամերիկա. Միջին Արևելք)։ Ոչ մշտական անդամներին ընտրում է Գլխավոր ասամբլեան՝ 2 տարի ժամանակով, ընդ որում, ամեն տարի դրանցից հինգը փոխարինվում են նոր երկրներով։ Ա. խ–ում բոլոր հարցերի վերաբերյալ (բացի պրոցեդուրային հարցերից) որոշումներ ընդունելու համար պահանջվում է առնվազն 9 ձայն, այդ թվում՝ 5 մշտական անդամների ձայները (վետոյի իրավունք, որը բացառվում է ձեռնպահ մնալու դեպքում)։ Պրոցեդուրային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են 9 ձայնով՝ անկախ մշտական անդամների վերաբերմունքից։ Ա. խ. միակ լիազորված մարմինն է, որի որոշումը պարտադիր է ՄԱԿ–ի բոլոր անդամների համար։ Խորհուրդը գործում է բոլոր անդամների անունից և լիազորված է հասնելու միջազգային վեճերի խաղաղ կարգավորման։ ՄԱԿ–ի անդամներ ընտրվում և վտարվում են Ա. խ–ի հանձնարարականով։ Այդ նույն կարգով նշանակվում են նաև Գլխավոր քարտուղարը, Միջազգային դատարանի անդամները ևն։ Ա. խ–ի օժանդակ մարմիններն են՝ Ռազմա–շտաբային կոմիտեն, Զինաթափման հանձնաժողովը, Փորձագետների կոմիտեն ևն։