Jump to content

ՀՍՀ/ԱՆՏԱՆՏ ՓՈՔՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԱՆՏ ՓՈՔՐ, Չեխոսլովակիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի միջև 1920–1921-ին ստեղծված դաշինք, որ նպատակ ուներ պահպանել առաջին համաշխարհային պատերազմից հետո Կենտրոնական և Հարավ–Արևելյան Եվրոպայում ստեղծված ուժերի հարաբերակցությունը։ Այն Ֆրանսիայի կազմակերպած ռազմա-քաղաքական դաշինքների կարևոր օղակներից էր 1920–30-ական թթ.։ Ա. փ. 1921-ի հուլիսի 18-ի ռումինա–լեհական հակասովետական դաշինքով կապված էր Լեհաստանի հետ։ Եվրոպայում Ֆրանսիայի դիրքերի թուլացումը, որ հետևանք էր 1924-ին Դաուեսի պլանի ընդունման և 1925-ին Լոկառնոյի պայմանագրերի կնքման, պայմանավորեց նաև Ա. փ–ի թուլացումը։ Ձգտելով պահպանել իր ազդեցությունը Ա. փ–ի մասնակիցների վրա՝ Ֆրանսիան 1924–27-ին նրանց հետ կնքեց ռազմա–քաղաքական համաձայնագրեր, որոնց նշանակությունը, սակայն, արժեզրկվում էր Անգլիայի, Հունգարիայի և հատկապես Իտալիայի հետ Ռումինիայի մերձեցմամբ (1926-ի Իտալո–ռումինական բարեկամության պայմանագիրը)։ Ա. փ–ի համակարգում նոր ճեղքվածք բաց արին Հարավսլավիայի պայմանագրերը Բուլղարիայի (1937-ի հունվ. 14) և Իտալիայի հետ (1937-ի մարտի 25)։ Մյունխենի համաձայնագրի (1938) կնքումով; որի արդյունքը եղավ Չեխոսլովակիայի զավթումը հիտլերյան Գերմանիայի կողմից, Ա. փ. դադարեց գոյություն ունենալուց։