Jump to content

ՀՍՀ/ԱՆՏԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՆՏԱՌ , երկրի բուսածածկույթի հիմնական տեսակ, որը ներկայացված է բույսերի բազմաթիվ կենսական ձևերով։ Ա–ում գլխավոր դերը պատկանում է ծառատեսակներին ու թփերին, երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին ևն։ Ա. կազմող բույսերն աճում են համատեղ, ազդում միմյանց վրա և փոխադարձորեն կապված են աճման միջավայրի հետ։ Միատեսակ ծառերից (օր. կաղնի) կազմված Ա–ները կոչվում են զուտ, տարբեր տեսակներից (օր. կաղնի և հաճարենի) կազմվածները՝ խառը։ Ա–ները լինում են՝ արևադարձային մշտադալար, արևադարձային ձմռականաչ, ասեղնատերև, տերևաթափ ևն, որոնց աշխարհագրական տարածումն արտահայտված է որոշակի օրինաչափությամբ։ Ա–ների զբաղեցրած ընդհանուր տարածությունն աշխարհում մոտ 4,2 մլրդ. հա է, որից ՍՍՀՄ–ում՝ 1,2 մլրդ. հա (1971)։

ՀՍՍՀ–ն աղքատ է Ա–ներով. դրանք կազմում են տարածքի մոտ 12%-ը (345 հզ. հա)։ ՀՍՍՀ Ա–ներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են երկու տարբեր՝ Կովկասյան և Հայկական–իրանական մարզերին։ ՀՍՍՀ Կովկասյան մարզի մեջ մտնող ներկայիս Ա–ների հիմնական ծառատեսակները (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի ևն) տարածվել են վերին միոցենում, երբ հս. ֆլորայի հզոր ալիքը հասել է Առաջավոր Ասիա։ Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են Ա–ների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ Ա–ներն իրենց տեղը զիջել են տերևաթափ Ա–ներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և ցրտադիմացկուն այլ տեսակները։ Ետսառցադաշտային ժամանակաշրջանում Հայաստանի անտառածածկը նոր փոփոխության է ենթարկվել։ Հայկական–իրանական մարզի (ՀՍՍՀ սահմաններում ընդգրկում է Միջին Արաքսի գոգավորության հատակն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը և Մեղրու շրջանի հվ. մասը) Ա–ներն աչքի են ընկնում չորասեր բուսատեսակներով։ Երրորդական ժամանակաշրջանից հետո տուժեցին չորասեր նոսր Ա–ները, որոնք առավել տարածված էին հվ. մասերում։ Այդ մասերում ներկայումս Ա–ները ծածկում են տարածքի 4,5%–ը։ Առավել անտառածածկ են հս–արլ. շրջանները, որտեղ Ա–ները տարածքի 28–30%–ն են կազմում։ Նշված տերիտորիայում բուսականության հիմնական տիպը հաճարենու Ա–ներն են, արլ. հաճարենու (fagus orientalis) գերակշռությամբ։ Ենթալպյան Ա–ային գոտում տարածված են հաճարենու խոնավ Ա–ները, որոնց ներսում և եզրերին լայն տարածված են կաղնու և կաղնու հետ խառը այլ տեսակների օջախներ։ Զուտ կաղնու Ա–ները հիմնականում հարմարված են հվ. չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու և խառը Ա–ները՝ արմ. և արլ. լանջերին։ Հս–արլ. մասի կաղնուտներում հիմնական անտառգոյացնող ծառատեսակներն են. վրացական կաղնին (Quercus iberica) և արևելյան կաղնին (Q. mochranthera)։ Կաղնու առավել տիպիկ Ա–ները տարածված են Լոռում, Աղստևի ավազանում, Գուգարքի շրջանում՝ 1000–1600 մ բարձրության վրա։ ՀՍՍՀ հս. շրջաններում 1000–1600 մ բարձրության վրա տեղ–տեղ հանդիպում են սոճու Ա–ների ոչ մեծ տեղամասեր (0,1-ից մինչև 100 հա)։ Ամենամեծը Գյուլագարակի սոճուտներն են (75 հա) և Շահալիի անտառատեղամասի սոճուտը (ավելի քան 100 հա)։ Հարավում Ա–ների քիչ թե շատ ընդարձակ տարածություններ հանդիպում են միայն Զանգեզուրում (հիմնականում վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, հանդիպում են նաև ալոճենի, հուն, ընկուզենի, հոն, մրտավարդ, արջընկույզ ևն)։ Հարավի մնացած շրջաններում պահպանվել են արլ. կաղնու Ա–ների առանձին, փոքր կղզյակներ (Ապարանում, Բյուրականից վեր, Սևանի Արեգունի լճեզերքին, Վեդի գետի ավազանում և Վայքում)։ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում հատկապես անտառածածկ են Հայկական Տավրոսի, Ներքին Տավրոսի հվ., առավել խոնավ և Արևելապոնտական լեռների հվ. և հվ–արլ. լանջերը (հիմնակ. կաղնի, պիստակենի, գիհի)։

Դեռևս պատմական ժամանակաշրջանում Հայաստանի ներկայիս անտառազուրկ զգալի տարածություններ ծածկված են եղել Ա–ներով։ Այդ մասին են խոսում հին պատմիչների վկայությունները, Ա–ի ցաք ու ցրիվ մնացորդները և այլ փաստեր։ Պատմական Հայաստանում տնկվել են արհեստական Ա–ներ։ Մովսես խորենսւցին Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի կապակցությամբ գրում Է, որ Արայի որդուն՝ Անուշավանին նվիրեցին Արմավիրում տնկված սոսյաց Ա–ին, որի համար էլ նրան անվանեցին Սոսանվեր։ Այս ավանդությունը ցույց է տալիս, որ եղել Է սոսիների պաշտամունք հեթանոս հայերի մոտ, որոնք, ըստ Մովսես Խորենացու, սոսու տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը, գուշակություններ էին անում (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968, Էջ 106)։ Խոսրովի Ա–ի մասին նա գրում Է, որ Հայոց Խոսրով Կոտակ թագավորը (իշխել է 332–338-ին) Ազատ գետի մոտ տնկեց Ա., որ կոչվում է նրա անունով (նույն տեղը, Էջ 245)։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ Է հաղորդում Փավստոս Բուզանդը (V դ.), որի վկայությամբ Խոսրով Կոտակ թագավորի հրամանով Ա–ներից բերեցին կաղնու ծառեր և տնկեցին Այրարատյան գավառում՝ Դառնի ամրոցից մինչև Մեծամորի դաշտը, Արտաշատի հս. կողմում գտնվող Դվին բլուրը։ Խոսրով Կոտակն այս Ա. անվանեց Տաճար մայրի։ Կաղնու մի այլ Ա. տնկեցին նրանից դեպի հվ. Եղեգնուտի եզերքով և անվանեցին Խոսրովակերտ։ Նորատունկ Ա–ները շրջափակեցին պարիսպներով և լցրին կենդանիներով ու գազաններով՝ դարձնելով որսի և զվարճության վայր (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968, Էջ 77–78)։ Հիշյալ Ա–ից պահպանվել է այն մասը, որն այժմ կազմում է Խոսրովի արգելավայրը։ Հայաստանի Ա–ների մի զգալի մասը ոչնչացրել են օտարերկրյա աս​պատակիչները, հատկապես արաբ, և մոնղոլ, արշավանքների ժամանակ։

Հայաստանի որոշ Ա–ներ՝ խոսրովի, Դիլիջանի, օգտագործվում են որպես գելավայրեր։ Խոսրովի Ա–ում պահպանվում են արջեր, երկսմբակավոր կենդանիներ, անգղներ, իսկ ծառատեսակներից՝ վայրի տանձենու 25 տեսակ, գիհուտներ են։ Դիլիջանի արգելավայրում ապրում են կովկասյան ու բծավոր եղջերուներ և վարազներ։ Ա–ները միաժամանակ առողջարանային նշանակություն ունեն։ Սաղարթավոր և փշատերև Ա–ների շնորհիվ Դիլիջանը կարևոր առողջարան է թոքերի հիվանդությունների բուժման համար, Գյուլագարակի, Աղավնաձորի մանկական առողջարանները նպաստում են երեխաների օրգանիզմի ընդհանուր ամրապնդմանը։

ՀՍՍՀ Ա–ների ծառատեսակներից արժեքավոր փայտանյութ են հիմնականում կաղնին և հաճարենին։ Ա–ում ապրում են զանազան գազաններ (լուսան, արջ, վարազ, կզաքիս) ու թռչուններ (բվեճներ, կեռնեխներ, երաշտահավեր, անտառային ճայեր)։ Հողի էրոզիայի դեմ պայքարելու նպատակով ՀՍՍՀ–ում յուրաքանչյուր տարի գյուղատնտ. արտադրության համար, ոչ պիտանի հողերի լեռնալանջերին, ավազուտների վրա կատարվում է 6–7 հզ. հա Ա–ի տնկում և ցանք։ Հիմնադրված են շուրջ 60 հզ. հա արհեստական Ա–ներ։ Հայկ. ՍՍՀ VIII գումարման Գերագույն սովետի V սեսիան 1973-ի մայիսի 24-ի «Հայկ. ՍՍՀ բնության պահպանության հետագա բարելավման և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների մասին» որոշման մեջ նշում է, որ պետք է ճիշտ օգտագործել հանրապետության Ա–ներն ու անտառատնկարկները, ապահովել դրանց հետագա բարելավումը, կենդանական ու բուսական աշխարհի պահպանությունը։

Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Հայաստանի անտառները, Ե., 1960։ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե., 1971, գլուխ 10։ Тахтаджян А. Л., К истории развития растительности Армении, Труды Ботанического института АН Армянской ССР, в.4, 1946, с. 51-107; Даль С. К., Животный мир Армянской ССР, т. 1, Е., 1954, с. 51-69.