ՀՍՀ/ԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1. բուսաբուծության ճյուղ։ Ա–յան խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութ ստանալու, ջրային ռեժիմը կարգավորելու, հողը հողմահարումից և էրոզիայից պաշտպանելու համար։ 2. Գիտություն անտառի կյանքի, այնտեղ կատարվող կենսաբանական պրոցեսների և անտառակազմավորմանը մասնակցող կենսաձևերի փոխազդեցության մասին։ Անտառատնկումները լինում են միատարր (միայն մեկ տեսակից կազմված) և խառը (մի քանի տեսակներից կազմված)։ Ըստ տարիքի, լինում են միահասակ (երբ ծառերը հասակային միևնույն դասից են) և տարահասակ (երկու և ավելի հասակային դասերից)։ Ըստ ձևի լինում են պարզ (միահարկ) և բարդ (բազմահարկ)։ Առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերատար տեսակներ։ Ըստ հասունացման աստիճանի, անտառները լինում են՝ մատղաշ, ձողանային, հասունացող, հասուն և գերհասուն։ Անտառազուրկ տարածություններում անտառների աճեցումը կատարվում է արհեստական ցանքի, տնկման, երբեմն էլ՝ կտրոնների (ուռի, բարդի, սոսի ևն) միջոցով, մնացած դեպքերում՝ բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով)։ Լեռնային պայմաններում հողապաշտպանման և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը,բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են անտառահատումներ, ձողանային և հասունացող ծառուտներում՝ միջանկյալ օգտագործման, խնամքի և սանիտարական հատումներ, հասունացած ծառուտներում՝ հատումներ անտառօգտագործման համար։ ՀԱՍՀ-ում, ողողման պրոցեսներից խուսափելու համար, արգելվում են համատարած հատումները։ Կատարվում են աստիճանական, խմբային ընտրովի, կամավոր ընտրովի հատումներ, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը նոսր ծառուտներում, ուր բացակայում է սերմնային բնական վերականգնումը։ Ցածրարժեք և շիվային ծագում ունեցող անտառներում կատարվում են վերակառուցման հատումներ՝ այն զուգակցելով բնական վերականգնմանն օժանդակող միջոցառումներով և արհեստական անտառատնկմամբ։
