Jump to content

ՀՍՀ/ԱՆՏԱՌԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԶՈՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԱՌԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԶՈՆԱ, Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անցումնային բնական զոնա՝ անտառային և տափաստանային, զոնաների միջև։ Բնորոշ են խոնավից չորայինին անցնող չափավոր ցամաքային կլիման, անտառային և մարգագետնա–տափաստանային բուսականության համակցությունը և հողառաջացման ճմային և պոդզոլային տիպերը։ Ա. զ–ի տիպիկ լանդշաֆտներն առաջանամ են այն վայրերում, ուր մթնոլորտային տեղումների տարեկան քանակը մոտավորապես հավասար է գոլորշիացմանը։ Եվրասիայում Ա. զ. անընդմեջ շերտով ձգվում է Միջին–Դանուբյան դաշտավայրից մինչև Ալթայ։ Հարավային Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Մոնղոլիայում և Հյուսիս–Արևելյան Չինաստանում Ա. զ. կտրտված է լեռնային ռելիեֆի պատճառով։ Հյուսիսային Ամերիկայում գրավում է Կանադայի հարավը և Միսսիսիպիի ավազանը։ Ա. զ–ի ձմեռր ցուրտ է, երկարատև, ձնառատ, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5°C–ից -20°C է (Սիբիրում՝ -35°C), հուլիսինը՝ 18°C–ից 25°C։ Տեղումները 400–1000 մմ³, առավելագույնը՝ ամռանը։ Գետային ցանցը նոսր է, ռեժիմը՝ անկայուն։ Տարածված են մոխրագույն անտառային հողերը, սևահողերը, մարգագետնա–սևահողերը և սևահողանման հողերը։ Ամռանը հաճախ են խորշակները։ Ա. զ–ի ավելի չորային մարզերում (Արևմտյան Սիբիր, Մեծ հարթավայրեր) տարածված են աղուտային և աղիացած հողերը։ Բնական բուսականությունը (հիմնականում՝ արգելավայրերում) անտառային ոչ մեծ զանգվածների (լայնատերև, մանրատերև և փշատերև ծառատեսակներ) զուգակցությունն է մարգագետնային տափաստանների հետ։ Խոտային բուսականությունը բազմազան է (1 մ² վրա 70–80 տեսակ)։ Շատ են տարախոտերը, սիզախոտերը, հացազգիները։ Կենդանական աշխարհին հատուկ են անտառային և տափաստանային զոնաներում հանդիպող տեսակներ։ Ա. զ–ի բնական լանդշաֆտը խիստ փոխվել է մարդու կողմից. ՍՍՀՄ Եվրոպական մասի Ա. զ–ի 80%-ը հերկված է։ Մշակում են՝ ցորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, արևածաղիկ, ծխախոտ ևն։ ՍՍՀՄ–ում երաշտի դեմ պայքարելու համար Ա. զ–ի հվ–ում ստեղծվել են դաշտապաշտպան անտառաշերտեր։

Գրկ. Берг Л. С., Географические зоны Советского Союза, 3 изд. М., 1947; Мильков Ф. Н., Лесостепь Русской равнины, М., 1950.