ՀՍՀ/ԱՆՏԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ԱՆՏԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (իսպ. Antillas), արշիպելագ Վեստ Ինդիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև։ Բաժանվում է Մեծ Ա. կ–ի՝ Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո և Փոքր Ա. կ–ի՝ Վիրգինյան կղզիներ, Հողմակողմ կղզիներ և Հողմատակ կղզիներ։ Տարած. 220 հզ. կմ² է, բն. ավելի քան 20 մլն. (1966)։ Ա. կ–ում են գտնվում Կուբա, Հայիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Ճամայկա, Բարբադոս պետությունները։ Այնտեղ տիրույթներ ունեն Մեծ Բրիտանիսւն, ԱՄՆ, Ֆրանսիան, Նիդերլանդները։ Կղզիների մի մասը մտնում է Վենեսուելայի մեջ։ Ա. կ–ի մեծ մասը լեռնոտ է։ Մեծ Ա. կ–ի լեռները (բարձր, մինչև 3175 մ) Կենտրոնական Ամերիկայի լեռնային համակարգի շարունակությունն են։ Ա. կ–ի շրջանը (բացի Կուբայի հարթավայրային մասի) խիստ սեյսմիկ է։ Կլիման արևադարձային, պասատային է, տարեկան տեղումները՝ 700–5000 մմ։ Բնորոշ են ուժեղ մրրիկները։ Բնական բուսականությունը (սավաննաներ, մշտադալար արևադարձային անտառներ, թփուտներ) քիչ է պահպանվել։
