ՀՍՀ/ԱՆՏԻԿ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԻԿ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տաղաչափության համակարգ, որ հենվում էր երկար և կարճ վանկերի կանոնավոր հերթագայության վրա։ Կիրառվել է մի շարք հին լեզուներում (հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն ևն), ուր ձայնավորի ծորուն և կարճ արտասանությունները ունեն իմաստային տարբերություն։ Չափի ամենափոքր միավորը ամանակն էր։ Կարճ վանկը հավասար էր մեկ ամանակի, երկարը ՝ երկու, դրանց զուգորդություններից կազմվում էին տաղաչափա– կան ոտքերը։ Ա. տ. կոչում են նաև չափական ոտանավոր։ Ենթադրվում է, որ այս սկզբունքով են ստեղծվել հայոց Գողթան երգերը: Ա. տ. վերածնելու փորձ արել է Ա. Բագրատունին՝ կոչելով այն հայկական չափ։ Ա. տ. չի համապատասխանում ժամանակակից լեզուների, այդ թվում հայերենի, արտասանական առանձնահատկություններին և չի կիրառվում։
Գրկ. Աբեղյան Մ., "Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933։ Томашевский Б. В., Стилистика и стихосложение, Л., 1959.
